Մուղնեցոց Սբ. Գևորգ եկեղեցու այրված դուռը կվերականգնվի
Մշակույթ
18:37 01/12/2016
Տարածաշրջան

Մուղնեցոց Սբ. Գևորգ եկեղեցու այրված դուռը կվերականգնվի

Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության Ազգային գործակալությունը հայտնում է, որ օրեր առաջ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու կենտրոնական մուտքի այրված դուռը նույնությամբ կվերականգնվի: jnews.ge կայքը գրում է, որ Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության Ազգային գործակալությունից տեղեկացրել են. «Հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել և կատարվել է համապատասխան ուսումնասիրություն: Մթածմինդայի գամգեբելին խոստացել է եկեղեցու դռան վերականգնման աշխատանքներ իրականացնել: Առաջին հերթին դռան դիմացից պետք է հեռացվի երկաթյա տնակը, որը խոչընդոտում է աշխատանքներին: Չափումներ են կատարվել և ճշտվում է կրակի պատճառած վնասի չափը: Այրված դռնից մնացած դետալները հավաքելով՝ կվերականգնեն հին դուռը նույնությամբ»: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի լույս 26–ի գիշերը Թբիլիսիի 14-րդ դարի Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել է եկեղեցու միակ կանգուն պատի երբեմնի կենտրոնական մուտքի դուռը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 118-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ անուշադրության պատճառով գույքի ոչնչացում:

 Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին Վրաստանի հայտարարած վիճահարույց եկեղեցիների թվում է: 2009 թվականից կիսախարխուլ է և գտնվում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հաշվեկշռում:

 Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1356 թ., վերակառուցվել է 1756 թ., իսկ 1852-93 թթ. մասնակի նորոգվել է: Այն կառուցված է թրծած աղյուսից, կրաշաղախով ներսից սվաղված է: Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո եկեղեցին չի գործել: Այնտեղ մինչև 1980-ական թթ. վերջը գործել է ազգագրության թանգարանը, որը տեղափոխվել է կառույցում ճաքերի առաջացման պատճառով: 1990-ական թթ. սկզբից կառույցը համարվել է վթարային և ժամանակավոր ամրացման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով, բնական գործոնների ազդեցությունից (բնահողի նստվածք, եղանակային գործոններ, երկրաշարժ և այլն) շարունակվել է քայքայվել, մեծացել են ճաքերը, պատերի որոշ հատվածներ թեքվել են և եկեղեցին 2009 թվականի նոյեմբերի 19-ին փլուզվել է:

 

Placeholder
Մուղնեցոց Սբ. Գևորգ եկեղեցու այրված դուռը կվերականգնվի