ԱՆ. Սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել
Առողջություն
12:07 02/12/2016
Հայաստան

ԱՆ. Սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել

Իրականացված ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն` հանրապետությունում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կանխարգելիչ ֆիլտրման արդյունքում նվազման միտում է նկատվում սուր շնչառական վարակներով երեխաների հայտնաբերման գործընթացում, նվազել են նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունները:

Նվազել է նաև թոքաբորբերով հոսպիտալացումների թիվը և այսօրվա դրությամբ ծայրահեղ ծանր հիվանդներ, պայմանավորված հետգրիպային բարդություններով, չեն հոսպիտալացվել:
Նոյեմբերից սկսած հանրապետությունում իրականացվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալներով մեր երկրում հիմնականում շրջանառում է գրիպի Ա H3 ենթատեսակը:

Նախարարությունից հիշեցնում են, որ Ա տեսակի H3 ենթատեսակը շրջանառում է նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում և այլն:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.
 խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
 եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
 եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
 մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
 հագնվե´ք եղանակին համապատասխան,
 պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
 օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
 հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
 հետևե´ք անձնական հիգիենային:
 

Placeholder
ԱՆ. Սուր շնչառական վարակներով հիվանդացության աճման միտում չի գրանցվել