Քննարկվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքը
Տնտեսություն
13:59 02/12/2016

Քննարկվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի երրորդ նիստին մասնակցելու նպատակով  Հայաստանում գտնվող «Ռոսատոմ» ընկերության տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և «Ռոսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի հետ։ Այս մասին հայտնում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի բաժնից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարցերը։ Կողմերն անդրադարձել են իրականացվող աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին։

Նշվել է, որ առաջին փուլի միջոցառումները հաջողությամբ ավարտվել են։ Աշխատանքներ են տարվում հաջորդ փուլերի իրականացման ուղղությամբ։

Հաշվի առնելով ՀԱԷԿ-ի նշանակությունը Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կարևորվել է նախատեսված ժամանակացույցի համաձայն միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը։

Նախարարությունից հիշեցնում են, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրն իրականացվում է ՌԴ կառավարության կողմից հատկացված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

Placeholder
Քննարկվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքը