Երկրաշարժի  և «Երկրաշարժ» ֆիլմի մասին՝  ռուս կինոքննադատի հուշերն ու դիտարկումները
Մշակույթ
16:54 06/12/2016
Աշխարհ

Երկրաշարժի և «Երկրաշարժ» ֆիլմի մասին՝ ռուս կինոքննադատի հուշերն ու դիտարկումները

Ռուսական կինոարվեստի «Նիկե» ակադեմիայի  անդամ, կինոլրագրող, կինոքննադատ  Օլգա Շերվուդը Բի-Բի-Սի-ի ռուսալեզու տարբերակում հանդես է եկել հոդվածով՝ 1988 թվականին  Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի մասին:

Նա հոդվածում մասնավորապես գրել է. «1988 թվականի դեկտեմբերի 7-ին ես շնորհակալական նամակ էի գրում երևանյան մի թերթի, որտեղ լույս էր տեսել իմ՝ հայկական ֆիլմերի մասին հոդվածը՝ թարգմանությամբ: Այդ պահին ռադիոյով հայտնեցին, որ Հայաստանում տեղի է ունեցել  երկրաշարժ: Ասացին՝ ուժեղ, բայց աղետալի չանվանեցին:

Հետո «Վեստի» ծրագրով ցույց տվեցին ավերակներ և ցավ: Սպիտակ, Լենինական, Ստեփանավան, Կիրովական… Գրեթե փոքրիկ երկրի կեսը:  Հիշում եմ  հուսահատ անօգնականության զգացումը:

Միայն երկրաշարժից 16 տարի անց ես եղա Հայաստանում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Մարդիկ խոսում էին պատերազմի մասին: Երկրաշարժի մասին գրեթե չէին խոսում: Հասկանալի էր՝ ինչու. բավականին շատ զոհեր, բավականին շատ ցավ: Բավականին դժվար էր հիշելը: Ողբերգությունը զգացել էին յուրաքանչյուրը:

Երկրաշարժը մշտապես  գալիս է աչքիդ առաջ՝ գերեզմանատանը:  Հնարավոր չէ նայել առանց խորը հոգոց հանելու. հինգ, վեց, յոթ սև քարեր՝ տարբեր դիմապատկերներով, բայց նույն ընտանիքից և նույն ամսաթվին: Դրանց շուրջ չկան ցանկապատներ: Բոլորը պառկած են իրար կողք: Ինչպես և ապրել են: Ինչպես և զոհվել են»:

Ինչ վերաբերում է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմին, կինոքննադատը գրել է. «Երբ Սարիկ Անդրեասյանը հայտարարեց, որ իր պարտքն է համարում ֆիլմ նկարահանել 1988 թվականի երկրաշարժի մասին, ես չգիտեի՝ ինչպես արձագանքեմ: Պատմություն՝ ազգի իրական ողբերգության մասին: Քառորդ դար անց, երբ դեռ կենդանի են անմիջական վկաները: Նրանց հետ և այդ մասին  հեշտորեն խոսել չի ստացվի: Անհրաժեշտ է փոխել շեշտադրումն ու գործիքակազմը: …

Որոշ սպասումներ արդարացան: Հոլիվուդյան աղետ-ֆիլմի տպավորություններից հեղինակները կարողացել են խուսափել: Շեշտադրումը ճիշտ է ընտրված՝ դրամատիկ պատում առանց հավելյալ պաթոսի: Պատկերի փոշոտ-գորշ-շագանակագույն կոլորիտն ապահովում է այդ ամենը: Ոչ մի հատուկ «էֆեկտներ», համակարգչի միջամտությունը նրբանկատ է ու զուտ ֆունկցիոնալ:

Ակնհայտ է ազնիվ, ոչ սպեկուլյատիվ ֆիլմ ստեղծելու ցանկությունը: Ֆիլմ, որը վաճառքի համար չէ: Եվ եթե դրա համար փառք ստանալ, ապա՝ «անկաշառ, վաստակած»:

Սակայն շատ արագ հասկացվում է, որ «Երկրաշարժ»-ի ստեղծողները սխալվել են գործիքակազմն ընտրելիս: Նրանք վերցրել են ժանրային ֆիլմի կոշտ կառուցվածքը…

Ռեժիսորը, սցենարի հեղինակները, չեն հասկանում գլխավորը. նման սյուժեում թշնամին դա բնական աղետի ուժն է, նրա ավերիչ հետևանքները: Ողբերգություն ապրած մարդիկ  դիմակայում են  ցավին ու հուսահատությանը, այլ ոչ թե  ատրճանակով գողին...

Հատուկ չեմ պատմում սյուժետային հիմնական գծերի մասին: Այն լի է տրամաբանորեն անբացատրելի պահերով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
 

Placeholder
Երկրաշարժի և «Երկրաշարժ» ֆիլմի մասին՝ ռուս կինոքննադատի հուշերն ու դիտարկումները