«Փոքր Մհեր»-ում որպես տույժի միջոց երեխային զրկել են հանգստյան օրերին  գնալ տուն. ՄԻՊ
Իրավունք
12:27 06/12/2016
Հայաստան

«Փոքր Մհեր»-ում որպես տույժի միջոց երեխային զրկել են հանգստյան օրերին գնալ տուն. ՄԻՊ

«Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների նկատմամբ կիրառվել են տույժի միջոցներ, որոնք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի համար խնդրահարույց են: Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ երեխային, որպես տույժ, զրկել են շաբաթ և կիրակի օրերին տուն գնալուց:

«Դա, ակնհատորեն, հակասում է ընտանիքի հետ կապին: Ընդհակառակը, նմանատիպ դեպքերում պետք է խրախուսենք ընտանիքի հետ կապը: Երեխան ընտանիքում բնակվելու իրավունք ունի: Այդ տույժի միջոցն ինձ համար խնդրահարույց է:  Ընդհանրապես, պետք է հասկանալ, արդյոք անհրաժեշտ են այդ ներգործության միջոցները: Եթե այո, ինչպես պետք է գործադրվեն»,-  նշեց նա:

Ա. Թաթոյանն ասաց,  որ արդեն մի քանի այցելություններ են իրականացրել կրթահամալիր, քանի որ լրացուցիչ տեղեկություն ստանալու, առանձնազրույցներ ունենալու անհրաժեշտություն է եղել:

«Մենք ամփոփոել ենք մեր այցելությունների արդյունքները, ներկայացրել կրթության և գիտության նախարարին: Արձանագրել ենք խախտումներ, որոնք սկզբունքային լուծումներ են պահանջում: Օրինակ՝ երեխաների նկատմամբ վերաբերմունքից մինչև իրավական ակտեր, երեխաների ներգրավածությունը  տարբեր աշխատանքներին, արդեն ինչպես նշեցի տույժի միջոցը:  Իմ ներկայացուցիչը նաև մասնակցել է կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած քննարկմանը, ներկայացրել  մեր դիտարկումները, որոնք ընդունվել են նախարարության կողմից: Նաև դրանք հաշվի առնելով՝ տրվել են համապատասխան հրամաններ, ցուցումներ»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Ա. Թաթոյանի խոսքով՝ այդ հաստատությունն իր բնույթով փակ է, ինչն արդեն վտանգավոր է այն իմաստով, որ կարող են խախտումներն ավելի շատ լինեն երեխաների նկատմամբ վերաբերմունքի առումով, պետք է առավել զգույշ լինել:
 

Placeholder