Դավիթ Հարությունյանը՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու մասին
Տնտեսություն
18:04 07/12/2016
Հայաստան

Դավիթ Հարությունյանը՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու մասին

Սնանկացումը դա ընկերության առողջացման եղանակներից մեկն է: Եթե ուսումնասիրեք «Սնանկացման մասին» օրենքը, կհայտնաբերեք շատ դրույթներ պարտքերի սառեցման, այդ թվում նաև՝ առողջացման  ծրագրի ներկայացման վերաբերյալ,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց կառավարության աշխատակամզի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՕԵԿ  խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչելու մասին հարցին:

«Չէր գտնվի որևէ մի ներդրող,  որը պատրաստ կլիներ գար և ներդրումներ անել մի ընկերության մեջ, որից հնարավորություն կա գանձելու 100 միլիոն դոլար: Հենց սնանկացումն է այն մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս խթանել ներդրողներին, եթե այդպիսիք կան, որպեսզի գան և ներկայացնեն առողջացման ծրագիր: Սա լավագույն  լուծումն է», -   նշեց Դ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի ներկայացրած օրենքի նախագծին՝ «Նաիրիտ»-ին հարկային արտոնություններ տալու մասին, կառավարության ներկայացուցիչն ասաց. «Մեր հարկային օրենսդրությունն ունի մի առանձնահատկություն. երբ խոսքը վերաբերում է  ավելացված արժեքի հարկին, սա նշանակում է շղթայական ռեակցիա, և եթե որևէ մի ընկերությանը որոշենք ազատել, իսկ ձեր առաջարկությունն այդպիսն է, այդ թվում նաև ավելացված արժեքի հարկից,  կմտցնեք կատարյալ քաոս մեր տնտեսական, հարկային համակարգում»:

Դ. Հարությունյանը նաև ասաց, որ «Նաիրիտ»-ը տարիներ շարունակ, անգամ երբ աշխատել է, չի եղել շահութաբեր ընկերություն, խոսքը վերաբերում է հետխորհրդային տարիներին:

«Երբ աշխատում էր ու մարդկանց վճարվում էր աշխատավարձ, արվում էր ի հաշիվ այլ տնտեսվարողների, և այդ տնտեսվարողները, որպես կանոն, պետական էին:  Ի վերջո մենք բոլորս մեր գրպանից վճարում էինք, որպեսզի «Նաիրիտ»-ի աշխատակիցներին աշխատավարձ վճարվի: Չգիտեմ Հայաստանում այլ կազմակերպություն,  որի աշխատողների աշխատավարձը  վճարում էինք մենք բոլորս՝ հարկատուներով: Կառավարությունը, իմ խորին համոզմամբ,  իսկապես ճիշտ է անում. մի պահ կանգ է առնում և  ասում է՝ եկեք այս հարցում գտնենք վերջնական լուծում:

Եթե իսկապես գտնվի ներդրող, ապա նրա համար  ամենակարևոր բանը այն է, որ պարտքերը լինեն սառեցված: Պարտքերը սառեցվում են հենց սնանկացման վարույթի շնորհիվ: Մեր օրենսդրությունը հենց դրա համար էլ նախատեսել է սնանկացման վարույթը»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Placeholder
Դավիթ Հարությունյանը՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու մասին