Վարչապետ «Գազպրոմի» մասին հարցին՝ «Ես այդ գործարքին չեմ մասնակցել»
Տնտեսություն
18:41 07/12/2016
Հայաստան

Վարչապետ «Գազպրոմի» մասին հարցին՝ «Ես այդ գործարքին չեմ մասնակցել»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայռուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս մասնաբաժինը 300 միլիոն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմ» ընկերությանը զիջելու գործարքը ճիշտ և տրամաբանական է համարում: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: Վերջինս նկատեց, որ վաճառքի գործարքի ժամանակ Կարեն Կարապետյանը «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդում էր: 

«Գործարքը համարում եմ ճիշտ գործարք, քանի որ որևէ շահութաբաժին հայկական կողմը, ինչպես նաև «Գազպրոմ» ընկերությունն այսքան ժամանակ այս գործունեությունից չի վերցրել: Վճարել մի բանի դիմաց քո ակտիվներով, ես այստեղ որևիցե ոչ տրամաբանական լուծում չեմ գտնում, եթե մենք արտաքին պարտքը դրանով մաշացնում ենք: Երկրորդ՝ հնարավո՞ր էր այն պահին գազի գինն ավելի էժան լիներ՝ հնարավոր չէր: Բոլոր ժամանակահատվածների համար Հայաստանի համար գազի գինը եղել է նվազագույն հնարավորը Հայաստանում: Մի պահ կար, որ այս խոսակցություններն ակտիվ էին, կարելի էր հայտարարել աճուրդ կամ տենդեր, հայտարարել՝ ով է ուզում Հայաստանին գազ մատակարարել, մաքսիմալ բաց ու թափանցիկ անել: Եվ մենք վտանգ ունեինք, որ այն ռեգիոնալ գինը, որը կձևավորվեր մեր սահմանի վրա, կհուշեր «Գազպրոմ»-ին, որ զիջումը լիներ մինիմալ չափով: Չգիտեմ ինչքանով եք հավատում իմ խոսքին, որևէ պահ չի եղել, որ Հայաստանին գազ մատակարարվի տարածաշրջանում ոչ ամենաէժան գնով», - ասաց Կարեն Կարապետյանը:

Տ.Ուրիխանյանը պնդեց, թե «Հայռուսգազարդ»-ի կառավարության մասնաբաժինը «Գազպրոմ»-ին զիջելու գործարքի պահին վարչապետն աշխատել է «Գազպրոմ» ընկերությունում ու մասնակից է եղել այդ գործարքին, ինչին ի պատասխան  վարչապետը նշեց. «Դուք իմ պատասխանը ուշադիր լսեք, ես «Գազպրոմ»-ում եղել եմ տնօրենների խորհրդի անդամ  կամ  կառավարման մենեջեր երեք կազմակերպությունում: Դրանցից ոչ մեկը Հայաստանի գազի ընկերության հետ որևէ հարաբերություն չուներ: Այդ պատճառով ես այդ գործարքին չեմ մասնակցել: Երկրորդ, գործարքը Հայաստանի համար համարում եմ տրամաբանական»:

Placeholder
Վարչապետ «Գազպրոմի» մասին հարցին՝ «Ես այդ գործարքին չեմ մասնակցել»