Վարչապետ. Գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը
Տնտեսություն
13:42 08/12/2016
Հայաստան

Վարչապետ. Գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց չօգտագործվող անշարժ գույքի մասով: 

Վարչապետի խոսքերով՝ չօգտագործվող անշարժ գույքի խթանմանն ուղղված լուծումների առաջարկ ներկայացնելու ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև նրանց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք: Արդյունքում՝ առաջարկվել են գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները:

«Նախ, գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները: Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված լինի տվյալ գույքի շուկայական արժեքից: Բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի օտարման դեպքում: Ռեֆորմի իրականացումը պետք է լինի փուլային եղանակով՝ հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները»,-ընդգծեց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ մի շարք այլ հարցերի վերաբերյալ դեռևս կատարվում են հաշվարկներ և ճշտվում մոտեցումներ:

Վարչապետը հանձնարարեց Ֆինանսների նախարարին՝ շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 2017թ-ի հունվարի 31-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ:

Placeholder
Վարչապետ. Գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը