Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը պետք է սերտ կապ ունենա  Այվազովսկու արվեստի հետ. Ս.Սմբատյան
Մշակույթ
16:19 08/12/2016
Հայաստան

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը պետք է սերտ կապ ունենա Այվազովսկու արվեստի հետ. Ս.Սմբատյան

Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնն ամփոփում ենք մեծ ոգևորությամբ, քանի որ ունենք շատ լավ ձեռքբերումներ: Ունեցել ենք բացառիկ կատարումներ, ծրագիր, շատ լավ արտիստներ եկան Հայաստան,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա նշեց, որ իրենք փառատոնի շրջանակում ներկայացնում են երաժշտության, արվեստի հանդեպ այն հետաքրքրությունները՝ կամերային, սիմֆոնիկ երաժշտություն, մանկական ծրագրեր, որոնք կարևոր են և կոլեկտիվի, և  Հայաստանի մշակութային կյանքի համար. «Մենք կառուցում ենք մեր ծրագիրն այն հետաքրքրությունների շուրջ, որ ունի նվագախումբն ու ունկնդիրը: Կարևոր է, որ դահլիճները լինեն լեփ-լեցուն: Կարևոր է նաև ներկայացնել նոր երաժշտություն, նոր կոմպոզիտորների ստեղծագործություններ»:

Փառատոնի փակումը կայանալու է դեկտեմբերի 10-ին, ելույթ է ունենալու հայտնի ջութակահար Հայկ Կազազյանը: 

Ս. Սմբատյանը խոսելով արդեն հաջորդ տարվա փառատոնի մասին՝ ասաց, քանի որ լրանում է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը,  փառատոնը պետք է սերտ կապ ունենա  մեծանուն ծովանկարչի արվեստի հետ. «Դժվար կլինի, բայց պետք է կարողանանք մարդկանց  ներկայացնել արվեստի մեծերին, արժեքներ, որոնք մենք ունենք»:

Նա կարևորեց նաև փառատոնի ընթացքում վարպետության դասերի անցկացումը: Ս. Սմբատյանը նշեց, որ փառատոնն իր քաղաքականությամբ նպաստում է, որպեսզի դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը մեծանա:

Ինչ վերաբերում է  համահայկական նվագախումբ ստեղծելուն, որի գաղափարը հենց Ս. Սմբատյանինն է, նա  նշեց, որ մեծ ոգևորություն է, սակայն պետք է ընտրել ազնիվ ձևաչափ:

«Եթե համահայկական նվագախումբը համալրվի միայն այն երաժիշտներով, ովքեր Հայաստանը լքել են բարդ տարիների ընթացքում,  նվագախմբի առաքելությանը չի նպաստի: Պետք է կազմում ընդգրկվեն աշխարհի տարբեր երկրներում  կայացած հայ երաժիշտներ: Պետք է ստեղծենք այն արժեքը, որով աշխարհին ցույց տանք, որ կարող ենք լինել միասին: Երաժշտությունն իր շուրջ է հավաքում տարբեր սերունդների, տարբեր մայրցամաքներում ապրող, տարբեր գաղափարախոսության տեր  մարդկանց»,- ասաց նա: 

Placeholder
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը պետք է սերտ կապ ունենա Այվազովսկու արվեստի հետ. Ս.Սմբատյան