ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը
Քաղաքական
16:12 08/12/2016
Աշխարհ

ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում այսօր մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի երկօրյա նիստը, որի ընթացքում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը: 

Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ` իրենց ելույթներում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարներն ուկրաինական և սիրիական հակամարտությունների հետ մեկտեղ անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Մասնավորապես` հյուրընկալող կողմի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը  հատուկ ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի խնդրին` նկատելով, որ «Արևելքի և Արևմուտքի միջև տոնայնությունը վերջին տարիներին խստացել է: Եվրոպայում խաղաղության հիմքերը քայքայվել են»:

Իր խոսքում ՌԴ արտգործնախարարը, խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, ընդգծել է, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը բոլոր բարդ հակամարտությունների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է:

«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը բոլոր բարդ հակամարտությունների, այդ թվում` Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է»,- հայտարարել է Լավրովը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նիստի ընթացքում իր ելույթում ընդգծել է, որ Եվրոպային սպառնում է ոչ միայն Ուկրաինայի հակամարտությունը, այլ նաև Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի և Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունները:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունները կյանքի կկոչվեն:

Ղարաբաղյան հակամարտությանն իրենց ելույթներում անդրադարձ են կատարել նաև Ավստրիայի, Թուրքիայի և մի շարք այլ երկրների արտգործնախարարներ:

Placeholder
ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը