Մասնագետ. Կաթնամթերքի խախտման մասին հայտարարությունն աչքկապոցի է
Առողջություն
12:15 08/12/2016

Մասնագետ. Կաթնամթերքի խախտման մասին հայտարարությունն աչքկապոցի է

Կաթնամթերք արտադրող տնտեսվարողների  մոտ խախտումների հայտնաբերման, արտադրական գործընթացի կասեցման մասին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրությունը  պատասխաններ տալու փոխարեն հատկապես ծնողների շրջանում  խուճապ, մտահոգություններ ու բազմաթիվ հարցեր  է առաջացրել:

Կան մայրեր, ովքեր երեխաներին տվել են ՍԱՊԾ կողմից հրապարակած՝ խախտումներ թույլ տված ընկերությունների արտադրած կաթնամթերքը: Ի՞նչ ազդեցություն է ունեցել հակաբիոտիկների մեծ քանակություն պարունակող կաթնամթերքի օգտագործումը երեխայի օրգանիզմի վրա: Սպառողներին, լրագրողներնին չի տրամադրվել տեղեկություն, թե ո՞ր ընկերության ո՞ր արտադրանքի ո՞ր խմբաքանակում ի՞նչ խախտումներ են հայտանաբերել: Արդյոք այդ խմբաքանակները հե՞տ են կաչվել իրացման ցանցից:

Մասնագետները նման հաղորդագրության հրապարակումը որակում են «աչքկապոցի»:

«Ոչ սպառողը, ոչ ծնողը, ոչ շարքային հեռուստադիտողը չի կարող հասկանալ, թե աղիքային ցուպիկը, մանրէաբանական այլ հարուցիչներ, անտիբիոտիկների մեծ քանակությունը ի՞նչ վտանգ են ներկայացնում: Դրանցից ո՞րն է ավելի վտանգավոր երեխայի համար»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ ասաց Պարենային իրավունքի փորձագետ, Սննդամթերքի անվտանգության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Նա բացատրեց, որ երեխայի համար նախատեսված սննդամթերքում անտիբիոտիկների  առկայությունը կարող է ավելի բացասական ազդեցություն թողնել օրգանիզմի վրա: Նա հիշեցրեց,  հաճախ բարձրաձայնվում է անտիբիոտիկների նկատմամբ կայունության ձեռքբերման խնդրի մասին, սակայն կան ավելի խնդրահարույց հարցեր:

«Երեխայի աճող օրգանիզմում խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում: Անիտիբիոտիկների առկայությունը թողնում է  կողմնակի այլ ազդեցություններ, օրինակ՝ ալերգիկ հիվանդությունների առաջացում: Պատահական չէ, որ Հայաստանում ալերգիկ հիվանդություններով տառապող երեխաների թիվը վերջին տարիներին ավելացել է»,-բացատրեց մասնագետը:

Նրա խոսքով, սպառողին հետաքրքրում է ռիսկի բնութագիրը, հստակ պետք  նկարագրվեն այդ միկրոօրգանիզմների կողմնակի բոլոր ազդեցությունները, թույլատրելի նորման գերազանցելու չափը:

«Միջազգային պրակտիկայում վտանգի մասին հայտարարելիս նշում են,  որ այսինչ քաղցրավենիքի այսինչ խմբաքանակում հայտնաբերել են քաղցկեղածին  նյութեր:  Սպառողին անունները չեն  հետաքրքրում, նրան հետաքրրքում են, եթե այդ քաղցրավենիքն օգտագործի, իր հետ ինչ կպատահի»,-ասաց Դ. Պիպոյանը:

Սպառողներին չի էլ հետաքրքրում, թե որ արտադրողի մոտ ինչ են գտել, եթե նշված չեն խմբաքանակները:

«Աչքկապոցի է: Տեսեք, ծառայությունում գլոբալ առումով մեկ մարդ է փոխվել՝ պետը: Մի քանի շաբաթ առաջ, երբ մենք բարձրաձայնում էինք խախտումների  մասին, ծառայությունում ամեն կերպ արդարանում էին, թե նման բան չկա:  Մեկ էլ մի քանի շաբաթ անց պարզվում է՝ կոպիտ խախտումներ կան»,-ասաց Պիպոյանը:

Մասնագետը ծառայությանը տրամադրել է կաթնամթերքի շուկայում իրենց իրականացրած հետազոտությունների արդյունքները. «Խայտառակ պատկեր էր, ոչ էլ արձագանքեցին»:

Սննդամթերքի անվտանգության դոկտորը խիստ կարևորում է հստակ տվյալների տրամադրումը, թե որ արտադրանքում ինչ խախտումներ են հայտնաբերվել. «Ենթադրենք ես չունեմ այլընտրանք, երկու կաթնամթերք է դրված՝ մեկի մեջ անտիբիոտիկ է, մյուսի մեջ՝ այլ միկրոօրգանիզմ: Ես բնականաբար կընտրեմ այլ միկրոօգանիզմներ պարունակող կաթը: Եթե սպառողին հետաքրքրող այս հարցերը չկան, ինչի՞ համար է նման հաղորդագրությունը, մարդիկ իմանան, որ իրենց դանդաղ մահվան են իրենց տանո՞ւմ»:

ՍԱՊԾ-ն  նշել է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված խմբաքանակները Ծառայության մասնագետների կողմից կասեցված են և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:

Դավիթ Պիպոյանը սրան էլ չի հավատում.  «Հայաստանում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ծառայությունը հայտարարել է վտանգավոր ապրանքիների հետկանչի կազմակերպման մասին, բայց հաջորդ օրը տեսել ենք, որ այդ նույն ապրանքը խանութում վաճառվում է: Երբ չեն նշում, թե որ ապրանքատեսակի որ խմբաքանակն է  վտանգավոր, արդեն չենք էլ կարող վերահսկել: Իսկ եթե արտադրությունում է խախտում հայտնաբերվել, առնվազն պետք է տալ տեղեկատվություն, ի՞նչ ռիսկ ունի իրացման ցանցում առկա խմբաքանակը»:

Մասնագետն այս բոլոր գործողություններն ու հայտարարություններն անիմաստ է համարում, եթե ռիսկի գնահատում չի արվում, հետկանչ չի կազմակերպվում, օգտահանում, ոչնչացում չի իրականացվում, ուղղումներ չեն հաջորդում:

«Ծառայությունում գործում է ռիսկի կառավարման վարչություն՝  ահռելի հաստիքացուցակով, բայց ռիսկի գնահատման լիազոր մարմին չունենք:  Հայկական անեկդոտն է հիշեցնում՝ «Մենք  բալկոնի դուռ ունենք, բայց բալկոն չունենք: Կոմեդիա է»,-ասաց նա:

Պարենային իրավունքի մասնագետը խնդրի լուծման, իրավիճակի բարելավման  համար խիստ կարևորում է պատժի կիրառումը:

«Պարենային  իրավունքը համապարփակ է միայն պատժի հետ: Հետկանչը, օգտահանումը ևս պատժի տեսակ են: Եթե սանկցիա չկա, ապա դառնում է  ոչ թե իրավունք, այլ էթիկա: Մեր երկրում չկա պատիժ, մենք ներմուծել ենք «կներեք»-ի ինստիտուտը, որը թույլ են տալիս ասել բոլորը՝ արտադրությունից սկսած մինչև պետական համակարգ: Բոլոր խնդիրները գալիս են այդ «կներեք»-ից»,-ասաց նա:

Պատասխանատվության բացակայության պարագայում մասնագետն ահազանգում է՝ իրավիճակը տարեցտարի վատանալու է:

Placeholder
Մասնագետ. Կաթնամթերքի խախտման մասին հայտարարությունն աչքկապոցի է