Պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան գլորվել է ձորը, զոհվել է երկու մարդ
Հասարակություն
14:07 08/12/2016
Հայաստան

Պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան գլորվել է ձորը, զոհվել է երկու մարդ

Պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում գլորվել է ձորը:

Panorama.am-ի հետ զրույցում  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ալթունյանը հայտնեց, որ պատահարի հետևանքով զոհվել է երկու մարդ:

«Վթարի հետևանքով զոհվել են վարորդը, պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը և անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը»,-ասաց Ալթունյանը:

Նրա խոսքով, վթարի պահին նախարարը մեքենայի մեջ չի եղել, վթարի հանգամանքներն այս պահին պարզված չեն:

ԱԻՆ-ից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ավելի ուշ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրեց. «Հարգելի լրագրողներ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, նա այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող։ Իմ հեռախոսները կարող են ժամանակավոր անհասանելի լինել, քանի որ ճանապարհներին եմ»:

Placeholder
Պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան գլորվել է ձորը, զոհվել է երկու մարդ