«Այսպես շարունակելով մենք լավ չենք ապրելու». վարչապետը՝ գիտնականներին
Տնտեսություն
17:17 09/12/2016
Հայաստան

«Այսպես շարունակելով մենք լավ չենք ապրելու». վարչապետը՝ գիտնականներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ վարչապետն առաջարկել է հանդիպումը կառուցել հետևյալ թեզի և գաղափարի շուրջ՝ ինչպե՞ս  անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն:

«Այսպես շարունակելով մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք կառուցելու կառավարություն-Գիտությունների ակադեմիա հարաբերությունները, որպեսզի գիտությունը զարգանա՝ մեկ, որպեսզի գիտնականն արժանավայել ապրի՝  երկու, որպեսզի գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ՝  երեք, և ինքը կարողանա ունենալ իրեն գնահատելու հայտանիշներ: Պետք է հասկանալ, թե ի՞նչն է սխալ կատարվում: Եթե մեր խոսակցության արդյունքում լինելու է միայն այն, որ կառավարությունը փող քիչ է տալիս, ապա մեր խոսակցությունը գործնական չի դառնա»,- ասել է վարչապետը:

Նա ավելացնել է, թե պետությունը ֆիանսավորելու է հայագիտությանը և հարակից այլ ճյուղերին,  որոնք «կիրառական արդյունք չեն կարող տալ»:

Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել կիրառական արդյունք ապահովելու հնարավորություն ունեցող ինստիտուտների գործունեությունը և հետաքրքրվել՝ արդյոք ԳԱԱ-ն նման նպատակ ինստիտուտների առջև դնում է, արդյոք այդ ինստիտուտներում կան մարդիկ, որոնք շուկա են որոնում, որքա՞ն են բիզնեսի պայմանագրերը գիտության հետ ու ի՞նչ պետք է անել, որ բիզնեսն ինստիտուտներին պատվեր տա:

Գիտական ինստիտուտների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը, խնդիրները, որոնք վերաբերել են օրենսդրական բացերին, գնումների ոլորտին, արտաբյուջետային ծավալների ավելացմանը և առաջարկություններ:

Մասնավորապես, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ղեկավար Աշոտ Սաղյանը նշել է, որ արտադրում են էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութ, որը կարող է լավագույնս փոխարինել ազոտական պարարտանյութին, բարձր արդյունք ապահովել գյուղատնտեսության ոլորտում, սակայն պետությունը պարարտանյութը մասնավորի միջոցով ներկրում է արտերկրից:

Վարչապետն առաջարկել է հանդիպել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ ու ընդգծել՝  եթե արտադրանքն իրականում լինի արդյունավետ ու շահավետ, ապա կառավարությունը պարարտանյութի ողջ պատվերը կշրջի սեփական արտադրողի վրա:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայտնել է, որ պատրաստ են մշակել պատմամշակութային ներուժի իրացման զբոսաշրջային ծրագրեր և ստանալ համապատասխան պատվեր:

«Ես ուզում եմ պետպատվերը տալ մի պրոդուկտի, որն ունենալու է ապագա և կիրառական էֆեկտ: Մեր հաղթաթղթերից մեկը պատմությունն է: Ձևակերպեք այն պրոդուկտները, որոնք կարելի է հետաքրքիր կերպով գովազդել:  Օրինակ, ես գիտեմ որ Շենգավիթը 6 հազար տարեկան է, չեմ կարծում, որ երկրագնդի վրա կան շատ քաղաքներ, որոնք ունեն 6 հազար տարվա պատմություն: Մենք դա ընդհանրապես գովազդ չենք արել: Դա պետք է որպես պրոդուկտ մատուցել»,- ասել է վարչապետը և Պավել Ավետիսյանին առաջարկել հանդիպել Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի հետ ու հարցը քննարկել:

Լուսանկարները՝ կառավարության պաշտոնական կայքից:

Placeholder
«Այսպես շարունակելով մենք լավ չենք ապրելու». վարչապետը՝ գիտնականներին