50 մլն դոլարի վարկ՝  Համաշխարհային բանկից
Տնտեսություն
13:29 09/12/2016
Հայաստան

50 մլն դոլարի վարկ՝ Համաշխարհային բանկից

Հայաստանն ու Համաշխարհային բանկը ստորագրել են  50 միլիոն ԱՄՆ դոլար գումարով զարգացման քաղաքականության ֆինանսավորման գործառնությունը՝ տնտեսության առանցքային ոլորտներում Կառավարության բարեփոխումների ծրագրին սատարելու համար: Այս մասին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում հրավիրված ասուլիսում ասաց ՀԲ ավագ տնտեսագետ, ծրագրի թիմի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:

Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) օժանդակում է Հայաստանի բարեփոխումների լայն շրջանակ՝ խթանելով հարկաբյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունությունը և ամրապնդելով մրցունակությունը: Այն 2013-2016 թթ. ընդգրկող՝ չորս ԶՔՖ-ների ծրագրային շարքի վերջին գործառնությունն է:

Այս  գործառնության առաջին հենասյունը ներառում է առանցքային ոլորտներում ֆինանսական կայունության և սոցիալական պաշտպանության ծրագրերի արդյունավետության բարելավման միջոցառումներ՝ միաժամանակ կատարելագործելով բնապահապանական երաշխիքները հանքարդյունաբերության ոլորտում, որին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման կեսից ավելին: Երկրորդ հենասյունը՝ մրցունակության բարելավումը, շեշտադրում է գործարար միջավայրի ամրապնդումը և առևտրի դյուրինացման և միակցելության բարելավումը, ինչպես նաև վարկավորման հասանելիությունը:

Առանցքային ուղենիշերի թվում են՝ Հարկային միասնական օրենսգրքի ընդունումը, որը կարձագանքի հարկային համակարգի թերություններին և կընդլայնի աճը խթանող կապիտալ ներդրումների և սոցիալական ծախսերի համար հարկաբյուջետային տարածքը: Այն ներառում է եկամուտների ավելացման, հարկային համակարգի արդյունավետության, թափանցիկության և հավասարության բարելավման և հարկային վարչարարության ամրապնդման միջոցառումներ:

«Նոր Օրենսգիրքը հարկային քաղաքականության բարեփոխման ուղղությամբ լուրջ առաջընթաց քայլ է, քանի որ այն միասնականացնում և ներդաշնակեցնում է նախկինում առանձին երկու խումբ հարկային օրենքները՝ դրանք միատեղելով միասնական օրենսգրքում: Օրենսգիրքը կնվազեցնի կանոնների կրկնորդման ռիսկը, առավել ևս՝ տարբեր հարկային օրենքների միջև անհամապատասխանությունները: Եկամտային հարկերի մակարդակն ու կառուցվածքը վերանայելով, հարկերից ազատման արտոնությունները և հարկային պակասուրդը նվազեցնելով, ակցիզային հարկի դրույքաչափերն ավելացնելով և անհատների ու խոշոր ընկերությունների եկամուտների հարկման շրջանակն ընդլայնելով՝ Օրենսգիրքը միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի ավելի բարձր եկամուտների մոբիլիզացման»,- ասաց Գոհար Գյուլումյանը, ծրագրի թիմի համաղեկավարը:

Ծրագիրն օժանդակում է մի քանի բարեփոխումների, որոնք նպատակաուղղված են բնապահպանական օրենսդրության երաշխիքներին: Մասնավորապես, «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունները, որով այն համապատասխանեցվում է «Թափոնների մասին» օրենքին, կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման գործունեության բացասական ազդեցությունները և կպահպանեն գյուղական վայրերի տնային տնտեսությունների կողմից տնօրինվող ռեսուրսները, որոնք հաճախ կախված են գյուղատնտեսական գործունությունից ստացվող եկամուտներից:

Այս գործառնությամբ շեշտադրվող մյուս ոլորտը գործարար միջավայրի բարելավումն է՝ «Սնանկության մասին» օրենքի փոփոխությունների ընդունմամբ, որով ավելի լավ հավասարակշռություն է սահմանվում վարկատուների և պարտապանների իրավունքների միջև: Գործառնությունն օժանդակում է նաև ֆինանսական ոլորտում թափանցիկության և հուսալիության բարձրացմանը՝ ընդունելով ֆինանսական հաստատությունների և խմբերի ապահովված իրավունքների բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր:
50 միլիոն դոլար ընդհանուր գումարով  չորրորդ ԶՔՖ-ն հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14,5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ժամկետով:

1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանի նկատմամբ ՄԶԸ-ի և ՎԶՄԲ-ի հանձնառությունների գումարը կազմել է 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար:

 

Placeholder
50 մլն դոլարի վարկ՝ Համաշխարհային բանկից