Մայր թատրոնն իր դռները կբացի դեկտեմբերի 13-ին
Մշակույթ
16:29 10/12/2016
Հայաստան

Մայր թատրոնն իր դռները կբացի դեկտեմբերի 13-ին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգումից հետո  թատերասեր հանրության համար իր դռներն առաջին անգամ կբացի դեկտեմբերի13-ին՝ «Պեպո» ներկայացման առաջնախաղով:

Նշենք, որ Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնը, որը հետագայում Գաբրիել Սունդուկյանի անունով է կոչվել, 1922թ. հունվարին բացել էր իր վարագույրը կրկին «Պեպո» պիեսի ներկայացումով:

Բեմադրության հեղինակն է Արմեն Էլբակյանը, բեմադրող նկարիչը` Դավիթ Մինասյանը, կոմպոզիտորը` Վաչե Շառաֆյանը: Գլխավոր դերերում հանդես են գալու ՀՀ վաստակավոր արտիստներ  Տիգրան Ներսիսիյանը (Պեպո) և Արմեն Մարությանը (Արութին):

Գ. Սունդուկյանը «Պեպո»-ն գրել է  1876 թվականին: nationaltheater.am կայքում կարդում ենք, որ Սունդուկյանի ստեղծագործության և ընդհանրապես հայ թատրոնի տարեգրության մեջ բեկումնային է եղել 1871 թ-ի ապրիլի 30-ը: Այդ օրը Թիֆլիսի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է «Պեպոն». Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր: Ի դեմս ձկնորս Պեպոյի և նրա շրջապատի մարդկանց (Շուշան, Կեկել, Գիքո, Կակուլի)` Սունդուկյանը թատրոն է բերել «հալալ» աշխատանքով մի կերպ գոյատևող հասարակ աշխատավորների կերպարներ, որոնց համար խիղճը, վեհանձնությունը, բարությունը բարոյական անսակարկելի հատկանիշներ են: Պեպոն, որն իր միջավայրի ծնունդն է, իր խավի հոգեբանության կրողը, որին անհասկանալի են Զիմզիմովի և նրա նմանների անազնիվ արարքները, ի վերջո «դատ» է սկսում ուրիշի աշխատանքը յուրացնողների դեմ՝ պաշտպանելու իր ոտնահարված արժանապատվությունը, արդարությունն ու ճշմարտությունը: «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է և հայ թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի և Նոր Նախիջևանի բարբառի: 

 

Placeholder
Մայր թատրոնն իր դռները կբացի դեկտեմբերի 13-ին