Արոնյանին չի հաջողվել առավելությունը վերածել արդյունքի
Սպորտ
16:23 12/12/2016
Աշխարհ

Արոնյանին չի հաջողվել առավելությունը վերածել արդյունքի

«London Chess Classic» շախմատի մրցաշարում տեղի են ունեցել 3-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն էր մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, սպիտակներով խաղացող Արոնյանը խաղի մի հատվածում ուներ որոշակի առավելություն, սակայն նրա մրցակիցը կարողացել է գտնել լավագույն պաշտպանողական քայլերը և պարտիայի 37-րդ քայլում կողմերը հաշտություն են կնքել:

Երրորդ տուրում հաղթանակ է տոնել միայն Հիկարու Նակամուրան, ում մրցակիցն էր Վիշվանաթան Անանդը: Կարուանա-Կրամնիկ, Վաշիե-Լագրավ-Թոփալով, Ադամս-Գիրի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է Ուեսլի Սոն: Արոնյանը, Կրամնիկն ու Կարուանան իրենց ակտիվում ունեն 2 միավոր:

«London Chess Classic» շախմատային փառատոնի շրաջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարում էլ տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի առաջատարների խմբում ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանն ոչ-ոքի է խաղացել Հնդկաստանի ներկայացուցիչ Մուրալի Կարթիկեյանի հետ: Ոչ-ոքի արդյունք է գրանցվել նաև Ջոն Բարթոլոմյու-Հրանտ Մելքումյան դիմակայությունում, իսկ Դավիթ Միրզոյանն առավելության է հասել Զոլթեկ Տադեուշի նկատմամբ:

Այսպիսով, 4 տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 3.5 միավոր, իսկ Հրանտ Մելքումյանն ու Դավիթ Միրզոյանը` 3-ական: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստներ, ովքեր 4 հնարավորից վաստակել են 4-ական միավոր:
 

Placeholder
Արոնյանին չի հաջողվել առավելությունը վերածել արդյունքի