Շատ դեպքերում ոստիկանների ուժի կիրառումը եղել է ոչ թե անհամաչափ, այլ ընդհանրապես  անօրինական, կամայական. Իշխանյան
Իրավունք
17:41 12/12/2016
Հայաստան

Շատ դեպքերում ոստիկանների ուժի կիրառումը եղել է ոչ թե անհամաչափ, այլ ընդհանրապես անօրինական, կամայական. Իշխանյան

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Հայաստանի  կառավարությունը Ժնևում պարտություն կրեց քաղաքացիական հասարակությունից: Մենք դրանից բոլորովին բավարաված չենք, քանի որ, չեմ կարծում, որ այնտեղ ներկայացված խնդիրները մենք չենք կարող լուծել այստեղ,- «Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման» մասին հանրային քննարկմանն ասաց «Իրավունքի գերակայություն» ՀԿ ղեկավար, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» արդարադատության խմբի անդամ Արտակ Զեյնալյանը:

Նոյեմբերի 23-24-ը ժնևում կայացել է Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեի 59-րդ նստաշրջանը, որի ընթացքում Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի վերաբերյալ դիտարկումները ներկայացրել է «Գործըներությունը հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը:

Ա. Զեյնալյանն ասաց, որ Ժնևում կողմնակի, օբյեկտիվ դիտորդները գնահատեցին, որ քաղհասարակությունը ճշմարտացի է:

«Արդյո՞ք Հայաստանում հնարավոր չէ հասնել նրան, որ քաղհասարակության  բարձրացրած հարցերը լուծում ստանային, որպեսզի խնդիրը չհասներ վերազգային պաշտպանության միջոցների: Դա հնարավոր է, դրա իրավունքը մենք ունենք Հայաստանի Սահմանադրությամբ: Դա կոչվում է պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքի իրացում՝ երբ մարդիկ, թեկուզ փոքրամասնությունը, հարց է բարձրացում իշխանավորների առջև  և որոշակի հավականությամբ դա կարող է լուծում ստանալ և լուծման արդյունքում ձևավորվել վարքագծային կանոն պարտադիր բոլորի համար:  Սա ժողովրդավարական հասարակության հատկանիշներից  է»,- ասաց իրավապաշտպանը:

Նա նշեց, որ առաջարկում է այսպիսի մեխանիզմ ներդնել, որովհետև Հայաստանի ժողովուրդը ձևակերպել է իր շահը ՀՀ Սահմանադրությամբ, ըստ որի ՀՀ-ում  հայ ժողովորդի անունից հանդես եկող պաշտոնատար անձիք պարտավոր են ապահովել մարդկանց իրավունքները, այդ թվում  նա խոշտանգումներից և անմարդկային վերաբեմունքից զերծ լինելու իրավունքը:

Քննարկմանը ներկա «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» Տնօրենների խորհրդի նախագահ, փորձագետ ԲՀՀ-Հայաստանի արդարադատության խմբի անդամ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ իրենց բարձրացրած հարցերը լիովին տեղավորվում էին այն մտահոգությունների տիրույթում, որն ունի Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների դեմ կոմիտեն, դրանք այն պարտավորություններն են, որոնք Հայաստանն ունի Եվրոպայի խորհրդի առջև Եվրոպական կոնվենցիայի շրջանակում: Նրա խոսքով, թեև  2015 թվականին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ առաջին հոդվածում խոսվում է այն մասին, թե ինչ է խոշտանգումը, սակայն վատ վերաբերմունքի մյուս դրսևորումները չքրեականացվեցին:

«Վատ վերաբերունքի մյուս դրսևորումները, մասնավորավարպես անմարդկային և  արժանապատվությունը նվաստացնող, քրեականացաված չեն: Այս դեպքում  ինչպե՞ս են իրավակիրառները պարեզելու՝ դա խոշտանգում է, թե վատ վերաբերունքի մյուս ձևը»,- հարցադրում արեց նա:

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրեասենյակի նախագահ, ԲՀՀ-Հայաստանի արդարադատության խմբի անդամ Արթուր Սաքունցն ասաց, որ նստաշրջանի ընթացքում այն ամենի մասին, ինչ խոսվել է, որևէ նորություն չի եղել ոչ քաղհասարակության ներկայացուցիչների, ոչ պետական ներկայացուցիչների համար. «Հիմնական հարցադրումներն էին՝ ոստիկանության բաժին բերելու հետ կապված տարրական իրավունքների իրազեկում, մարդկանց գրանցում, իրավական պատշաճ օգնության տրամադրման ապահովում, կապը հարազատներ հետ, անկախ բժշկական զննության իրականացում, ապահովում, գրանցում»:

Նրա խոսքով՝ կոմիտեի նախնական փաստաթղթում առկա հարցեր վկայում են անպատժելիության մասին. «Զեկույցից զեկույց, հանձնարարականից հանձնարարական կրկնվում են նույն խնդիրները: Դա խոսում է  անպատժելիության մասին»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, ԲՀՀ-Հայաստանի արդարադատության խմբի անդամ Ավետիք Իշխանյանը խոսեց ոստիկանների կողմից կիրառվող համաչափ կամ անհամաչափ ուժի կիրառման մասին:

«Երբեմն բանավիճում են՝ արդյոք ուժիր կիրառումը համաչափ է կամ անհամաչափ: Նախ պետք է քննարկել, արդյոք ուժի կիրառումն իրավական էր, այնուհետև նոր՝ համաչափ է, թե ոչ:  Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ շատ դեպքերում ուժի կիրառումը եղել է ոչ թե անհամաչափ, այլ ընդհանրապես անտեղի, անօրինական, կամայական: 130 հավաք ենք դիտարկել, մի շաք հավաքների ժամանակ եղել է ոստիկանների կողմից միջամտություն և ուժի կիրառում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է  քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների նկատմամբ խոշտանգումներին, փաստաբան, ԲՀՀ-Հայաստանի արդարադատության խմբի անդամ Հայկ Ալումյանը Panorama.am-ին ասաց, որ եթե տարվա մեջ 1-2 դեպք է տեսնում, արդեն շատ մեծ պրոբլեմ է: 

«Խոշտանգումը վատ վերաբերմունքի ծայրահեղ դրսևորում է, և ես վախենում եմ, որ մենք այս առումով  շատ լուրջ խնդիր ունենք»,- ասաց փաստաբանը:

Placeholder
Շատ դեպքերում ոստիկանների ուժի կիրառումը եղել է ոչ թե անհամաչափ, այլ ընդհանրապես անօրինական, կամայական. Իշխանյան