Էրմիտաժի հետ ստորագրած համաձայնագիրը կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը. Նախարար
Օրվա թեմա
14:58 13/12/2016
Հայաստան

Էրմիտաժի հետ ստորագրած համաձայնագիրը կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը. Նախարար

Հայաստանի Պատմության թանգարանում ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև ստորագրվեց համագործակցության ռազմավարական համաձայնագիր: 

Փաստաթուղթը ստորագրելուց հետո  Էրմիտաժի  տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ասաց, որ   համաձայնագրով նախատեսված են գիտական ուսումնասիրությունները՝ հնագետների և վերականգնողների համատեղ արշավախմբեր և ուսումնասիրություններ Կարմիր բլուրի տարածքում, հայ գիտնականների ուսումնասիրություններ Պետական Էրմիտաժի արխիվում և գրադարանում, Էրմիտաժի մասնագետները կօգնեն հնագիտական նյութի կոնսերվացման աշխատանքներ իրականացնելու հարցում ևս:

Համաձայնագիրը վերաբերում է նաև թանգարանային ոլորտին. Էրմիտաժը և հայաստանյան թանգարանները համատեղ աշխատանքներ կտանեն ցուցանմուշների և հնագիտական գտածոների ուսումնասիրման  ուղղությամբ, կփոխանակվեն մասնագիտական և գիտական գրականությամբ:

«Մեր նախագծերն այսօր ներկայացրել ենք Հայաստանի նախագահին, ով հավանության է արժանացրել: Նաև  Կաթողիկոս մոտ ենք եղել այսօր, ներկայացրել մեր նախագծերը կապված Էջմիածնի հետ»,- ասաց Միխայիլ Պիոտրովսկին:

Հարցին, թե Կարմիր բլուրն արդեն հետազոտվել է, էլ ի՞նչ կա այնտեղ ուսումնասիրելու, Էրմիտաժի տնօրենն ասաց. «Ոչ մի բան մինչև վերջ ուսումնասիրված չի լինում:   Հիմա էլ ընթանում են պեղումներ, որոնք տալիս են հիանալի, անսպասելի արդյունքներ: Մեր մասնագետներն արդեն մի քանի անգամ մասնակցել են պեղումներին»:

Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրում են Հայաստանում կանոնավոր անցկացնել «Էրմիտաժի օրեր»:

«Կգան Էրմիտաժի մասնագետները, կկարդան դասախոսություններ, կանցկացնեն վարպետության դասեր վերականգնողների համար, կցուցադրվեն ֆիլմեր: Հայաստանում կզգացվի Էրմիտաժի շունչը»,- ասաց   Մ. Պիոտրովսկին:

Ինչ վերաբերում է Երևանում ցուցահանդես կազմակերպելուն, նա նախ ասաց, որ մեծ աշխատանք է պահանջում ցուցահանդես կազմակերպելը, ապա հավելեց, որ նախատեսում են:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Էրմիտաժի հետ համագործակցությունը բազմաշերտ է և այս պայմանագրով  հստակեցվում են բոլոր քայլերը, աշխատանքները, ժամկետները:

«Ստորագրեցինք հաջորդ տարվա ընթացքում բազմաժանր, բազմաբնույթ, տարբեր ուղղություններով գիտական, մշակութային փոխհամագործակցության հուշագիր, որը, կարծում եմ, կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը»,- հավելեց նախարարը: 

Ա. Ամիրյանի խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր մշակութային հուշարձան պեղելիս՝ կարելի է ոչ միայն ազգային, նաև համաշխարհային նշանակության բացահայտում անել և այս համաձայնագիրը նման հայտնագործություններ անելու հնարավորություն է տալիս:

Ինչ վերաբերում է  Կարմիր բլուրը՝ զբոսաշրջային վայր դարձնելուն, մշակույթի նախարարն ասաց, որ նման նպատակ ունեն, սակայն այս պահի դրությամբ այնտեղ վիճակն այնքան էլ բարեկարգ չէ:

«Ուղարկել եմ խմբեր, որպեսզի ուսումնասիրեն: Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- հավելեց Արմեն Ամիրյանը:
 

Placeholder
Էրմիտաժի հետ ստորագրած համաձայնագիրը կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը. Նախարար