Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյան. Զոհված զինծառայողի՝ ուսման վարձ վճարել չկարողացող երեխային մենք ի՞նչ ենք ասում
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծով տեսական հնարավորություն է ստեղծվում զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցը կլուծվի:
«Աստված հեռու պահի, հունվարի 1-ից հետոյի դեպքերի համար, դրանից հետո օրենքը հետադարձ ուժ կունենա: Մեկ էլ այստեղ հնչում է զորեղ փաստարկը՝ իշխանությունը կոռումպացված է»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդունում է ու գաղտնիք չի համարում գոնե իր համար, որ իշխանությունն այդպիսին է, որևէ բանավեճ չկա: Նա հարց է հնչեցնում, եթե այդ օրենքը չընդունվի, իշխանությունը դադարելո՞ւ է թալանչի լինել:
«Զոհված զինծառայողի՝ ուսման վարձ վճարել չկարողացող երեխային մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք՝ բալիկ ջան, քանի որ իշխանությունը թալանչի է, քո հայրն էլ մեր չափ խելք չի ունեցել, որ գնացել է՝ հայրենիքի համար զոհվել է, ուրեմն դու գնա օլիգարխների գովազդային կլիպներում մանեկենություն արա, օրերդ անցկացրու որևէ «բարեգործի» դռների տակ, մինչև մենք իշխանափոխություն կանենք, Հայաստանում կհաստատենք օրինականություն, ինչպես անում ենք արդեն 20 տարի գարուն, աշուն, ձմեռ և՝ այդպես»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով, նույն հիմնավորմամբ կարելի է կոչ անել, որ երիտասարդները չգնան ծառայության:
«Իմ արձանագրումը հետևյալն է, որ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքը չպետք է լինի բարեգործության կամ որևէ մեկի քմահաճույքի հույսին: Էն որ գնում են սելֆիներ են անում, ռեպորտաժներ են անում, տարանք, եսիմ ինչ արեցինք, նվաստացուցիչ են այդ ընտանիքների համար: Մենք այդ հազար դրամները պետությանը չենք տալիս»,-Փաշինյանի խոսքն այստեղ ընդհատվեց Զարուհի Փոստանջյանի բղավոցներից:
Երբ Փոստանջյանը նստեց, Փաշինյանը շարունակեց, որ կողմ է քվեարկելու, ու չկա մի ուժ, որ կստիպի իրեն հակառակն անել:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ նախագծին դեմ էին քվեարկել ՀԱԿ խմբակցությունից Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» խմբակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը: