Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հաստատման 300-ամյակի առիթով Էրմիտաժում ցուցահանդես կկազմակերպվի
Մշակույթ
15:26 13/12/2016
Հայաստան

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հաստատման 300-ամյակի առիթով Էրմիտաժում ցուցահանդես կկազմակերպվի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, խոսելով Մայր Աթոռի թանգարանների և Պետական Էրմիտաժի միջև ձևավորված սերտ համագործակցության մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքի խոսք է ասել Էրմիտաժի տնօրենին Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժեքների վերականգնման և պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող աջակցության, մասնագիտական խորհրդատվության և Մայր Աթոռի թանգարանների աշխատակիցների վերապատրաստման համար:

Մ. Պիոտրովսկին  պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ զորակցությունը ցուցաբերել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ազգային-հոգևոր արժեքների պատշաճ պահպանության գործում:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը և Մ. Պիոտրովսկին քննարկել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հաստատման 300-ամյակի առիթով 2017 թվականին Էրմիտաժում համատեղ ցուցահանդես կազմակերպելու հարցը: Ընդառաջ ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրենի առաջարկին որոշվել է նաև «Էրմիտաժի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ և վարպետության դասեր անցկացնել Ս. Էջմիածնում:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

 

Placeholder
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հաստատման 300-ամյակի առիթով Էրմիտաժում ցուցահանդես կկազմակերպվի