Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան
Մշակույթ
11:06 13/12/2016

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան

Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակներում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան։ Հայտնում են նվագախմբից:

Մեծակտավ այս ստեղծագործությունը Նամինը սկսել է գրել 2014 թվականին։ 2016-ին հեղինակն ավարտել է աշխատել պարտիտուրների վրա։ Այս տարվա հուլիսին  Abbey Road ստուդիայում ձայնագրվել է Նամինի սիմֆոնիան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Լի Ռեյնոլդսի ղեկավարությամբ։ 

Հայազգի անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը նշում է իր 65-ամյակը: Հոբելյանի շրջանակներում Հայաստանում դեկտեմբերի 14-20-ն անցկացվում են Ստաս Նամինի ստեղծագործական օրերը:

Ստաս Նամինը ժամանակակից ռուսական մշակույթի խոշորագույն դեմքերից է, ռուսական ռոքի հիմնադիրներից: Ավելի քան 15 տարի Նամինը Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

 

Placeholder
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան