Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է
Իրավունք
11:22 14/12/2016

Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ-ԼՊԿ) 2016 թվականի համար հրապարակել է լրագրողներին ամենաշատը բանտարկող երկրների վերաբերյալ զեկույց: Ըստ այդմ՝ բանտարկված լրագրողների ընդհանուր թիվն աշխարհում այս պահին հասնում է 259-ի:

«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Hurriyet» թերթին, գրում է,  բանտարկած 81 լրագրողների թվով աշխարհում  բացարձակ առաջատարը Թուրքիան է: Մինչ այժմ որևէ երկրում այսպիսի մեծ թվով լրագրողներ չեն եղել բանտարկված: 

Հրապարակված զեկույցից պարզ է դարձել, որ ազատազրկված լրագրողների թվով Թուրքիային հաջորդում է Չինաստանը` (38): Վատագույն եռյակը  բանտարկված 25 լրագրողով եզրափակում է Եգիպտոսը: 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար Էրիթրեան և Եթովպիան:

Նախորդ տարի առաջին հնգյակում տեղ զբաղեցրած Իրանն այս տարի բարելավել է դիրքերը:

Զեկույցի` Թուրքիային վերաբերող մասում ասված է, որ 2016-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը ընկած հատվածում այդ երկրի մամուլի վրա աննախադեպ ճնշում է գործադրվել, ինչի հետևանքով ավելի քան 100 լրատվական օրգաններ են փակվել, իսկ առնվազն 81 լրագրողներ դատապարտվել են պետության դեմ գործած հանցագործությունների հոդվածով: Նշվում է նաև, որ մամուլի վրա ճնշումները սաստկացել է հատկապես հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:
 

Placeholder
Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջինն է