ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին տրամադրում է ազգային արժույթով վարկ` կանանց ձեռներեցության ֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում
Տնտեսություն
17:56 15/12/2016
Հայաստան

ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին տրամադրում է ազգային արժույթով վարկ` կանանց ձեռներեցության ֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում կանանց ձեռներեցության աջակցության նպատակով Ամերիաբանկին տրամադրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկ՝ կանանց պատկանող փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ վարկը տրամադրվում է ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում, որն այժմ ընդգրկում է Արևելյան գործընկերության անդամ երկրները:

ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» ծրագիրը ստեղծվել է տնտեսության ոլորտում կնոջ դերն ամրապնդելու նպատակով և մինչ այսօր հաջողությամբ իրականացվել է ՎԶԵԲ-ից ֆինանսավորում ստացած 25 երկրներում: Այն թույլ է տալիս տեղական բանկերին վարկավորելու միջոցով ֆինանսավորման հասանելիություն ապահովել, գործարար խորհրդատվություն տրամադրել, վերապատրաստել և աջակցել կին ձեռներեցներին ու ղեկավարներին:

Ծրագրի բաղադրիչներն են ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ծրագրի իրականացման ընթացքում առաջին վնասի փոխհատուցման միջոցով տեղական ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի նվազեցումը և գործարար խորհրդատվական ծառայությունները,  որոնք ուղղված են կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելուն: Տեխնիկական աջակցության և խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:

Աղբյուրը նշում է, որ Ամերիաբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը և առաջինն է իր ակտիվներով, վարկային պորտֆելով, հաճախորդների հաշիվներով ու ներգրավված ավանդներով (համաձայն 30.09.16թ. հրապարակային հաշվետվությունների): Տարեսկզբին ՎԶԵԲ-ը համալրեց Ամերիաբանկի բաժնետերերի կազմը՝ ձեռք բերելով բանկի բաժնետոմսերի 20%-ը:  Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի՝ «Կանայք բիզնեսում» ծրագրին անդամակցող առաջին հայկական ֆինանսական հաստատությունն է:

«Կանայք հզոր տնտեսական ներուժ են Հայաստանի տնտեսության համար: Այս առումով խիստ անհրաժեշտ է նրանց համար հաջողության հասնելու նախապայմաններ ստեղծել: Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք Հայաստանում իրականացնել այս շատ կարևոր նախաձեռնությունը: Կանանց ձեռներեցությունը կարող է երկրի տնտեսության զարգացման հզոր խթան հանդիսանալ: Վստահ եմ, որ տրամադրվող վարկային գիծը, խորհրդատվությունը, մասնագիտական գիտելիքներն ու մեթոդները և «Կանայք բիզնեսում» թիմի կողմից մատուցվող ոչ ֆինանսական աջակցության ծառայությունները կին ձեռներեցներին թույլ կտան զարգացնել իրենց բիզնեսը և բարգավաճել», - նշել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դևիսը:

«Ես ողջունում եմ Հայաստանի տնտեսության մեջ կնոջ դերը բարձրացնելու՝ ՎԶԵԲ-ի նախաձեռնությունը: Կին ձեռներեցները հաջողությամբ մուտք են գործել և գերակայող դիրք են գրավել Հայաստանի ՓՄՁ-ների հատվածի որոշակի ոլորտներում: Հույս ունեմ, որ նպատակաուղղված ֆինանսական աջակցության շնորհիվ կին ձեռներեցները կկարողանան զարգացնել իրենց գործունեությունը և մուտք գործել Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներ, որտեղ առկա է բացահայտ սեռային անհավասարակշռություն: Այս ծրագիրը թույլ կտա արդյունավետ կերպով զարգացնել ՓՄՁ-ները շնորհիվ տրամադրվող ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության գործիքների,  որոնք հսկայական ներուժ կհանդիսանան այս ծրագրի թիրախ հանդիսացող նեղ լսարանի համար», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

1992 թ. Հայաստանում գործունեություն սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ն ավելի քան 1.11 միլիարդ եվրո է ներդրել և երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների ձևավորման և էներգետիկայի հատվածներում իրականացրել է 153 նախագիծ: Ներդրումների 88%-ն ուղղվել է մասնավոր հատվածի ֆինանսավորմանը:

Placeholder
ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին տրամադրում է ազգային արժույթով վարկ` կանանց ձեռներեցության ֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում