Նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի արարողակարգի գնումների ծախսերը գաղտնի կլինեն
Քաղաքական
12:12 16/12/2016
Հայաստան

Նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի արարողակարգի գնումների ծախսերը գաղտնի կլինեն

Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Նախքան քվեարկությունը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ցանկացավ ճշտել մի հարց, որի պատասխանից էլ կախված կլինի իրենց քվեարկությունը:

«Օրենքների  արագ բերելու արդյունքում երբեմն չենք հասցնում տեղեկանալ  ամբողջական  ինֆորմացիային: Մամուլում հրապարակումներ եղան, ես էլ ուզում եմ ճշտել՝  այս օերնքի համաձայն Հայաստանի նախագահի,  Ազգային ժողովի նախագահի, վարչապետի  վարչական ծախսերը դառնո՞ւմ են պետական գաղտնիք և այլևս չեն լինելո՞ւ թափանցիկ»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն այդ մասին թերթում է  կարդացել, տեղեկություն չունի, «նման բան Ազգային ժողովի համար չկա ու չկա»:

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պարզաբանեց, որ օրենքը վերաբերում է արարողակարգի  գնումներին, ոչ թե հաշվետվություններին:

«Խոսքը վերաբերում է արարողակարգի գնումներին, զուտ արարողակարգի, որ ռեստորանում պետք է  հաց ուտեն այդ երեք մարմինների ղեկավարները, փակ է լինելու»,- ասաց նա:

Նախագիծն ընդունվեց 77 կողմ, 2 դեմ, 22 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին նախագծի ներկայացման ժամանակ հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել էր, որ առաջարկներից մեկով  նախատեսվում է պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառել նաև պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը.  «Այս առաջարակի  մասով ևս մեկ անգամ նայեցինք միջազգային փորձը: Սա անվտանգության  կարևորագույն նորմ է: Կարծում ենք, որ ճիշտ է, որ այդ ծախսերը, որոնք կապված են այս երեք գլխավոր պաշտոնների բնականոն աշխատանքի ապահովման համար, դիտենք որպես պետական գաղտնիք պարունակող գնումներ»: 
 

Ավելի ուշ քննարկվեց նաև «Գնումների մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ երկրորդից երրորդ ընթերցման ընթացքում այս նախագծում կատարվել են ուղղակի սրբագրումներ, տեխնիկական շտկումներ:

Խոսելով պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը ներառելու մասին դրույթից, նախարարն ասաց.  «Այդ դրույթն ամրագրված է հոդված 15-ում: Ասեմ, որ սա  նորություն չէ, միջազգային պրակտիկայում ընդունված գործընթաց է»:


«Գնումների մասին» օրենքի նախագիծն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 77  կողմ, 0 դեմ, 14  ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Placeholder
Նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի արարողակարգի գնումների ծախսերը գաղտնի կլինեն