Երևանում բանկոմատներից փորձել են գողանալ միլիոններ
Իրավունք
10:54 16/12/2016

Երևանում բանկոմատներից փորձել են գողանալ միլիոններ

Երևանում երկու բանկոմատների վրա այսօր  կատարված ավազակային հարձակման մասին ոստիկանությունում հաղորդում է ստացվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ Բաղրամյան փողոցում ահազանգ են ստացել, որ բանկոմատին ամրացված է գազի բալոն և հնարավոր է պայթի: Իսկ Սարյան փողոցում ահազանգը, ըստ աղբյուրի, եղել է աղմուկի մասին:

Ոստիկանությունից հայտնեցին, որ այս պահին հերթապահ խմբերը բաշխված են, կատարվում են քննչական գործողություններ: Այլ մանրամասների ոստիկանությունից ասացին, որ այս պահին չեն տիրապետում:

Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ Panorama.am-ին ասաց,որ առաջին ահազանգը ստացվել է Կենտրոն տարածքից և դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են դրամներ , կատրվել է հափշտակություն:  Ներկայումս քննությամբ ճշտվում է վնասի չափը:

Հաջորդ ահազանգը ստացվել է Արաբկիր վարչական շրջանից, հանցագործություն կատարած անձին չեն հասցրել ավարտին հասցնել գործը:

Քննչական կոմիտեից այլ մանրամասներ այս պահին չհայտնեցին:

Այս դեպքերի հետ կապված Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Սարյան փողոցում անհայտ անձինք հարձակում են գործել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատի վրա և պայթեցման եղանակով փորձել են տանել մոտ 7.5 մլն դրամ, սակայն չեն հասցրել տանել այնտեղ մնացած 3 մլն դրամը։

Իսկ Արաբկիր վարչական շրջանից ստացված ահազանգը վերաբերել է Բաղրամյան փողոցում գործող «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի N 4 մասնաճյուղում կատարված հարձակմանը: Այստեղ նույնպես, հանցագործենրը փորձել են բանկոմատի պայթեցման միջոցով գողանալ գումար:

Լուսանկարները` Արմենպրեսի:

Placeholder
Երևանում բանկոմատներից փորձել են գողանալ միլիոններ