Ռահիմ Փուրը բարձր է գնահատել Հայաստանի դերն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կապ հաստատելու գործընթացում
Քաղաքական
13:37 17/12/2016

Ռահիմ Փուրը բարձր է գնահատել Հայաստանի դերն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կապ հաստատելու գործընթացում

Երևանում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 
Հիշեցնենք, նախօրեին տեղեկացրել էինք, որ Իրանի ԱԳ նախարարի՝ Ասիայի, Օվկիանիայի և ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմ Փուրը Ղազախստան և Ղրղզստան կատարած այցից հետո ուղևորվել էր Հայաստան:


Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ և ՀՀ ԱԳ փոխնախարարներ Էբրահիմ  Ռահիմ Փուրի և Շավարշ Քոչարյանի միջև կայացած հանդիպմանը կողմերը կարևորել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացումը՝ դրական գնահատելով քաղաքական, տնտեսական ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում երկկողմ համագործակցությունը:


Ռահիմ Փուրը, անդրադառնալով առաջիկայում սպավող կարևոր այցերին, համոզմունք է հայտնել, որ դրանք ուղղված են երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Իրանի փոխարտգործնախարարը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը Իրանի՝ Եվրասիական տնտեսական միության միջև կապ հաստատելու գործընթացում:


ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ իր հերթին ողջունել է Հայաստանում իրականացվող նախագծերին իրանական ընկերությունների մասնակցությունը:


«ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ Իրանի և Հայաստանի փոխարտգործնախարարներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ լուծումը կողմերի միջև քաղաքական երկխոսությունն ու բանակցություններն են:

Placeholder
Ռահիմ Փուրը բարձր է գնահատել Հայաստանի դերն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կապ հաստատելու գործընթացում