Տեխզննման կտրոնները կվերանան
Տնտեսություն
17:21 19/12/2016
Հայաստան

Տեխզննման կտրոնները կվերանան

Տրանսպորտային միջոցների տեխզննման կտրոնները վերանալու են: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ արդեն մշակել են համապատասխան ծրագիր և առաջիկայում կներկայացնեն Կառավարություն:

«Տեխզննման կտրոնները վերացնելու ենք, այսուհետ այն լինելու է օնլայն տարբերակով,  ճանապարհային ոստիկանները օնլայն են հետևելու` արդյոք ավտոմեքենաներն անցե՞լ են տեխզննում, թե ոչ»,- ասաց նախարարը: 

Անդրադառնալով մարզային տրանսպորտի խնդրին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ արդեն կառավարությանն է ներկայացվել առաջարկությունների փաթեթը:  «Ես հուսով եմ, որ 2017 թվականին այս ոլորտում ևս սպասվում են փոփոխություններ»,- նախարարը:

Ներկայացնելով իր ղեկավարած ոլորտում իրականացվելիք ծրագրերը՝ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մինչև տարեվերջ Երևան-Սևան մայրուղում կտեղադրվեն 1500 նոր ճանապարհային նշաններ. «Նույնիսկ եղանակային այս պայմաններում այդ աշխատանքները շարունակվում են»:

Վահան Մարտիորսյանը նշեց նաև, որ մեկնարկել են ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ստեղծման նպատակով ճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման աշխատանքները: «Դա մեզ հնարավորություն կտա օնլայն ռեժիմով տեսնելու ավտոճանապարհների վիճակը, նորոգման ժամկետները»,- նշեց նախարարը:

Բացի այդ, առավել վտանգավոր հատվածներում՝ Սարավան, Սիսիան և Ֆիոլետովո ճանապարհների անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել են շուրջ 800 գծ/մ արգելափակոցներ: «Ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումները կլինեն շարունակական»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ճանապարհների մաքրման և սպասարկման աշխատանքների առցանց հսկողությունն ապահովելու նպատակով կապալառուների մեքենաների վրա տեղադրվել են թրեյքերներ: Մասնավորապես,  «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում տեղադրված համապատասխան համակարգով հնարավոր է հետևել աշխատանքների ընթացքին և հսկել ծախսերի արդյունավետությունը։ Նշվեց նաև, որ սահմանվել է ճանապարհաշինական ծրագրերի որակի հսկողության երկաստիճան մեխանիզմ, ավարտական փուլում է Նոր Հաճընի կամրջի լուսավորության ապահովումը, ինչպես նաև նախատեսվում է նոր կառուցվող ճանապարհների երկարությամբ անցկացնել մալուխային գծեր:

Վահան Մարտիրոսյանը  հայտնեց  նաև, որ փորձնական գործարկվել է Եվրոպայից Իրան Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը: 2016թ. նոյեմբերին փորձնական տարբերակով 2  կոնտեյներ Եվրոպայից  տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով՝ Իրան: Կոնտեյներները Վրաստանի և Հայաստանի տարածքը հատել են 38 ժամում: «Արդյունքը գոհացնող է, կանոնավոր դառնալու դեպքում կմեծանա Հայաստանով միջազգային բեռնափոխադրումների ծավալը»,- ընդգծեց նա:

 

Placeholder
Տեխզննման կտրոնները կվերանան