Կինոն պետք է համբերի. Վիգեն Չալդրանյան
Մշակույթ
14:30 19/12/2016

Կինոն պետք է համբերի. Վիգեն Չալդրանյան

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն ունի գեղարվեստական ղեկավար: Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թատերախմբին ներկայացրեց թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանին։

«Մոտեցում է փոխվում: Թատրոնները պետք է ունենան գեղարվեստական ղեկավարները: Թատրոնը պետք է ունենա իր դեմքն ու դիմագիծը: Սա չի նշանակում, որ դառնում է մեկ դերասանի թատրոն: Ունենք հստակ պայմանավորվծություն  բոլոր գեղարվեստական ղեկավարների հետ, որ պետք է ունենան հրավիրյալ  ռեժիսորներ, համագործակցեն տարբեր ռեժիսորների հետ»,- Վ. Չալդրանիանին ներկայացնելուց հետո՝ ասաց Ա.Ամիրյանը:

Նրա խոսքով՝ թատրոններում գեղարվեստական ղեկավարներ նշանակելը՝ առողջացման ծրագրերից կարևորագույնն է. «Ձեռագրերի տարբերություն, ծրագրերի փոփոխություն, միաժամանակ՝ թատրոնի դեմք ու դիմագիծ»:

Վիգեն Չալդրանյանն անկեղծացավ ու ասաց, որ իր վաղեմի երազանքն է՝ «ունենալ մի տուն, որտեղ կստեղծվեն քո պատկերացումներով ներդաշնակություն, թատերախումբը կապրի ինչպես երջանիկ մի ընտանիք՝ առանց ինտրիգների»:

Հարցին, թե արդյո՞ք կինոն և թատրոնը չեն խանգարում միմյանց, նա  պատասխանեց. «Շուտով կհրապարակվի իմ մասին երրորդ գիրքը՝ «Կինոն իմ էությունն է, թատրոնն իմ տունը»: Հավատում եմ դրան: Ամեն անգամ ֆիլմ անելուց՝ կարոտում եմ թատրոնը, իսկ թատրոն փորձում եմ բերել կինոյի կարևորագույն տարրերը: Այն, ինչ ունի կինոն, չունի թատրոնը, և այն, ինչ ունի թատրոնը, չունի կինոն:

Ասել, որ թատրոնի քիչ փորձ ունեմ, սխալված կլինեմ: Այս տարի նշվեց իմ ստեղծագործական կյանքի 40-ամյակը, որը հավասարապես բաշխվում է կինոյի և թատրոնի միջև: Թատրոնում ինձ միշտ լավ եմ զգացել: Այժմ, ցավոք սրտի, կինոն պետք է սպասի, համբերի: Բնական է, քանի որ սա կատակ բան չէ: Լուրջ գործ եմ սկսում»:

Վիգեն Չալդրանյանը չմանրամասնեց, թե կոնկերտ ինչ ծրագրեր ունի, առաջին բեմադրությունը երբ կլինի  և ինչ աշխատանք:

«Նախ պետք է մի քանի ամիս նախապատրաստական շրջան անցնեմ: Բոլորովին նոր փուլ է ինձ համար:  Մտքումս ունեմ հայ ազգային գործեր, դասականներ, համաշխարհային ստեղծագործություններ, նաև մյուզիքլ: Պետք է փորձենք հանճարեղ գրողների, դրամատուրգների գործերով հանդես գալ այս բեմում, խաղացանկում լինեն տարբեր ժանրերի գործեր»,- ասաց թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարը:

Ինչ վերաբերում է թատոնի շենքին, մշակույթի նախարարն ասաց. «Քննարկման փուլում է, ունենք մշակած տարբերակներ, լուծումներ: Մոտ ապագայում որոշումը կլինի»:

Placeholder
Կինոն պետք է համբերի. Վիգեն Չալդրանյան