Խորհրդային տարիներից ի վեր առաջին անգամ Հայաստանը կունենա ուղևորահոսքի աճի պատմական թիվ. Սերգեյ Ավետիսյան
Քաղաքական
15:28 20/12/2016
Հայաստան

Խորհրդային տարիներից ի վեր առաջին անգամ Հայաստանը կունենա ուղևորահոսքի աճի պատմական թիվ. Սերգեյ Ավետիսյան

2016 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանն ունեցել է ուղևորահոսքի  շուրջ 15%-ի աճ, սակայն ապրիլյան դեպքերի հետևանքով գրանցվել է կտրուկ անկում: Այս մասին այսօր, ամփոփելով  2016 թվականի արդյունքները, ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝  ապրիլից  մինչև հունիս գրանցվել է 10%-ից ավելի անկում, իսկ հուլիս-օգոստոս ամիսներից այդ ցուցանիշը սկսել է  բարելավվել, և հետագա ամիսներին արդեն եղել է շուրջ 30%-ից ավելի ուղևորահոսքերի աճ:

«Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ անցել ենք 2 միլիոնի շեմը, որը շատ բարձ ցուցանիշ է, և վստահ կարող եմ ասել, որ տարեվերջին կունենանք պատմական թիվ, որը Հայաստանում վերջին անգամ գրանցվել էր 1990 թվականին», - նշեց Սերգեյ Ավետիսյանը:

Ըստ ՔԱԳՎ պետի՝ այս տարվա ընթացքում մեկնածների և ժամանածների տարբերությունը եղել է ամենափոքրը և այս պահի դրությամբ ցուցանիշը զրոյական է:

«Այսինքն՝ շուրջ 1 միլիոն մարդ մեկնել և 1 միլիոն մարդ ժամանել է, ինչը խոսում է այն մասին, որ այս տարվա ընթացքում ուղևորահոսքերի ավելացումը պայմանավորված է ներգնա ուղևորահոսքի աճով, ինչը շատ կարևոր է մեզ համար», - ընդգծեց  Սերգեյ Ավետիսյանը՝ հավելելով, որ  այս ամենին նպաստել է նաև այն, որ 2016-ին շուկա են մտել մի շարք ավիափոխադրողներ:

Նա կարևորեց նաև Գյումրու Շիրակ օդանավակայանի վերագործարկումը:

Սերգեյ Ավետիսյանը  նաև հայտնեց, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանը ստացել է Եվրամիության միասնական ավիացիոն գոտուն միանալու պաշտոնական բանակցություններ սկսելու մանդատ:

«Հաջորդ տարվանից կսկսվեն բանակցությունները:  ԵՄ այս ձևաչափով ընդունվում ենք ԵՄ-ն միասնական մարմին, համաձայնագիր ստորագրելով  լիբերալիզանում ենք մեր հարաբերությունները միանգամից ԵՄ բոլոր երկրների հետ: Բացի այդ, ստանձնելու ենք մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններ,  ինչը նշանակում է, որ կունենանք ԵՄ միասնական  ավիացիոն գոտուն անդամակցելու  իրավունք, այսինքն՝ ունենում ենք 5-րդ արտոնության տրամադրում»,- նշեց  Սերգեյ Ավետիսյանը:

Placeholder
Խորհրդային տարիներից ի վեր առաջին անգամ Հայաստանը կունենա ուղևորահոսքի աճի պատմական թիվ. Սերգեյ Ավետիսյան