Հայաստան-Իրան. մրցակիցներին ձեռնունայն թողնելու ժամանակը
Քաղաքական
16:29 21/12/2016
Հայաստան

Հայաստան-Իրան. մրցակիցներին ձեռնունայն թողնելու ժամանակը

Այն պայմաններում, երբ մի կողմից Թեհրանի տարածշրջանային ախոյան Իսրայելի վարչապետն է այցելում Ադրբեջան, իսկ մյուս կողմից՝ Թուրքիայում իրանական դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց տեղի են ունենում բողոքի ցույցեր, ինչի հետևանքով իրանական ԱԳՆ է կանչվում այդ երկրում Անկարայի դեսպանը, Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր ժամանեց Հայաստան:

Ակնհայտ է, որ հայ-իրանական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու տեսանկյունից այցի համար առավել քան նպաստավոր իրավիճակ, երբ իրանական ներգրավվածությամբ տարածաշրջանային ծրագրերում մեր երկու մրցակիցները՝ Ադրբեջանը և Թուրքիան հասցրել են զգալիորեն փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ, դժվար էր պատկերացնել: Ուստի պետք է հստակորեն արձանագրել, որ այցը տեղի է ունենում հենց ժամանակին և պատեհ պայմաններում:

Բնականաբար, նախագահների ամենաբարձր մակարդակով հանդիպումները և բանակցությունները որևէ պարագայում չեն կարող  կարող անհետևանք լինել և կարևոր նշանակություն չունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, քանի որ անկախ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխվող իրավիճակից, երկու երկրներն առաջին հերթին ունեն հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող բավական հարուստ օրակարգ:

Եթե դիտարկելու լինենք այցի ընթացքում քննարկվելիք հարցերի ընդհանուր շրջանակը, ապա այն իր մեջ ներառում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային բաղադրիչներ: Սակայն բնական է, որ առավել մեծ ուշադրություն է դարձվելու տնտեսական հատվածին՝ մասնավորապես, կապված տարածաշրջանային զանազան ծրագրերում Իրանի և Հայաստանի մասնակցության համատեղ ջանքերը լրացուցիչ կերպով համակարգելու և այդ ծրագրերն առավել մեծ արդյունավետությամբ  առաջ տանելու հետ:

Այս համատեքստում, անշուշտ, կարևոր է, որ իրանական կողմը մինչ այս էլ գրեթե բոլոր մակարդակներում հատուկ շեշտադրել է Հայաստանի նշանակալի դերակատարությունը դեպի հյուսիս Իրանի համար ելք ապահովելու համար կամ այլ խոսքերով՝ Պարսից ծոց - Սև ծով միջանցքի կարևորագույն օղակ հանդիսանալու տեսանկյունից՝ միջանցք, որի բոլոր տնտեսական բաղադրիչների կյանքի կոչումն, ըստ էության, փոխելու է նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական դասավորությունները՝ Իրանը փաստացիորեն դարձնելով Եվրոպայի հետ ամենակարճ ուղով կապված երկիր, Հայաստանը դուրս բերելով ադրբեջանա-թուրքական դաշինքի շրջափակումից և նաև Վրաստանի համար ստեղծելով լրջագույն այլընտրանք միևնույն դաշինքից կախվածությունը զգալիորեն թուլացնելու առումով:

Իրանի բոլոր հարևանների շարքում Հայաստանը շարունակում է մնալ Իսլամական Հանրապեության փաստացիորեն միակ հուսալի և վստահելի գործընկերը՝ երկիր, որտեղ մերձավորարևելյան այս հսկային ոչ միայն չեն դիտարկում որպես մրցակից կամ թշնամի, այլ նաև անշեղորեն աճում է հայ-իրանական գործակցության հնարավորին խորացման կողմնակիցների առանց այն էլ ստվար բանակը թե՛ քաղաքական վերնախավի և թե՛ հասարակական լայն խավերի շրջանում:

Ակնհայտ է, որ Հայաստանը և Իրանը տարածաշրջանում պարբերաբար փոփոխվող իրավիճակի համար բացառիկ և նախանձելի համառությամբ ու հաստատակամությամբ պահպանում են միմյանց հանդեպ բարեկամական վերաբերմունքը, ինչը չափազանց կարևոր գրավական է այսօրվա բանակցությունների ընթացքում առանց այլն էլ վստահելիության  բարձր մակարդակում գտնվող հայ-իրանական հարաբերություններին բոլորովին նոր որակ հաղորդելու և, ինչու ոչ, մրցակիցներին ձեռնունայն թողնելու առումով:

Placeholder
Հայաստան-Իրան. մրցակիցներին ձեռնունայն թողնելու ժամանակը