Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում այսօր տեղի է ունեցել գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի օրը վառվեց խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը։ Հայտնում են էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունից:
Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության անմիջական օժանդակության շնորհիվ։ Այդ նպատակով Իրանի կառավարությունը տրամադրեց 2 մլն դոլար դրամաշնորհ։ Իր հերթին Հայաստանի կառավարությունը ստանձնել է տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:
Մեղրի և Ագարակ քաղաքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքներն իրականացրել է իրանական «Սաներջի» ընկերությունը։
Ըստ աղբյուրի, ծրագրի շրջանակներում Մեղրիում անցկացվել են շուրջ 26,5 կմ, իսկ Ագարակում՝ 4,8 կմ երկարությամբ տարբեր ճնշման գազատարներ։ Մեղրի քաղաքի գազամատակարարումն ապահովելու նպատակով կառուցվել է ևս շուրջ 1 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար և գազաբաշխիչ կայան, որը նախատեսված է նաև քաղաքի հարակից բնակավայրերի գազամատակարարման համար։
Մի քանի ամիս տևած աշխատանքներից հետո ծրագիրը հաջողությամբ ավարտվեց։ Արդյունքում՝ ամբողջությամբ գազիֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը՝ շուրջ 50 տոկոսը։