Գյուղնախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը  պատասխանատվության ենթարկելու
Տնտեսություն
17:42 21/12/2016
Հայաստան

Գյուղնախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը  պատասխանատվության ենթարկելու: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Սա նախադեպ է,  քանի  որ նախարարությունը մշտապես փորձել է աշխատանքային մթնոլորտում կարգավորել խնդիրները, սակայն սա բացառիկ դեպք էր, որը կարծում եմ հետագայում զսպաշապիկ կդառնա անբարեխիղճ մթերողների համար»,-նշեց փոխնախարարը:

Նա հրաժարվեց որակումներ տալ, նշելով, որ նախաքննությունը կպարզի հանգամանքները։

«Մեղավորները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով, ընկերությունը հայտարարել էր, որ ունի 47 մլն դրամի պարտք, սակայն նախարարությունը պարզել է, որ պարտքը փաստացի հասնում է շուրջ 100 մլն դրամի, որը կուտակվել է ընկերության ղեկավարության անփույթ և անպատասխանատու աշխատանքի արդյունքում:

Մակարյանը հավելել է, որ  գործարանատերը սկզբնապես պատճառաբանում էր, որ չի կարողանում իրացնել  սպիրտը, նախարարությունը շուրջ 1,5 ամիս բանակցություններ է վարել տարբեր  կազմակերպությունների հետ,  գնորդներից մեկի հետ գործարքը չի կայացել,  այնուհետև նոր գնորդ է գտնվել, սակայն պարզվել է, որ փաստացի «Վինարը» սպիրտ չունի:

Մակարյանը տեղեկացրել է, որ հաջողվել է վերոնշյալ ընկերությունից վերցնել 16,5 մլն դրամի սպիրտ, որը գնել է Պռոշյանի գինու գործարանը, մարզպետից ստացվել են գյուղացիների ցուցակները, հաշվեհամարները, և այդ գումարը առաջիկայում կփոխանցվի պարտատերերին:

2015 թվականին խաղողի մթերումների  համար գյուղացիների դիմաց  չկատարված պարտավորություններ  ունեն թվով 6 ընկերություններ, որոնցից 5-ը (Սիսավանի գինու գործարան, «Արենի վայն», «Մարան»,«Շատո Առնո», «Շահնազարյան») մինչև տարեվերջ պարտավորվել են մարել պարտքերը:
 

Placeholder
Գյուղնախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու