Միրա Անտոնյան. Երեխաների բռնության շատ դեպքեր լուռ ողբերգություններ են ընտանեկան պատերից ներս
Իրավունք
12:13 21/12/2016
Հայաստան

Միրա Անտոնյան. Երեխաների բռնության շատ դեպքեր լուռ ողբերգություններ են ընտանեկան պատերից ներս

Երեխաներին դաստիարակելիս հայաստանցի ծնողների 40 տոկոսը որպես մեթոդ կիրառում է  ֆիզիկական բռնությունը: Նման եզրակացության են եկել Երեխաների պաշտպանության ցանցի  մասնագետները 10 հազար ծնողների շրջանում անցկացրած հետազոտության արդյունքում:

«Սա մեզ համար այնքան էլ նոր փաստ չէր, քանի որ դեռ 2010-ին անցկացրած հետազոտության արդյունքում նույն արդյունքներն էին ստացվել: Տարիների ընթացքում դրական առումով ոչինչ չի փոխվել: Խնդրի լուծման ուղղությամբ ջանքեր էլ չեն իրականացվում»,-ասաց ցանցի խորհրդի անդամ Աիդա Մուրադյանը՝  «Մեդիա կենտրոնում» «Անչափահասների նկատմամբ բռնությունները Հայաստանում և ընտանեկան բռնության դեմ օրենքի անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ժամանակ:

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով, Հայաստանում չկան ճշգրիտ տվյալներ երեխաների նկատմամբ բռնությունների վերաբերյալ:

«Եթե ոստիկանությունն է գրանցում կամ որևէ այլ կազմակերպություն, ապա խոսքը վերաբերում է  բացահայտված ու ընթացք տրված դեպքերին: Շատ դեպքեր հայտնի չեն դառնում, դրանք լուռ ողբերգություններ են ընտանեկան պատերից ներս»,-ասաց նա:

Տարիներ շարունակ առկա խնդիրը, ցանցի նախագահի խոսքով, նշանակում է, որ մենք ազգային համաձայնության չենք եկել մի հարցի շուրջ՝ ընտանեկան բռնությունները որքանո՞վ են հասարակական հոգածության առարկա:

«Հասարակությունը պի՞տի դրան արձագանքի, թե՞ ոչ: Հայաստանում նման համաձայնության չենք եկել, ավելին, այսօր հասարակական կարծիքը բաժանված է երկու ծայրահեղ բևեռների»,-ասաց Անտոնյանը:

Նրա խոսքով, եթե սենսացիոն դեպքերը չլինեն, ապա ոչ ոք չի էլ խոսի երեխաների բռնությունների մասին:

«Մենք վկայակոչում ենք ավանդական հայկական ընտանիքը, նշում, որ բռնությունը պետք է մնա ընտանիքի պատերի ներսում: Հին ժամանակներում կանայք ծննդաբերում էին տանը, տատմոր օգնությամբ: Բայց երբ բժշկական ծառայությունները զարգացան,  հետագայում տարօրինակ դարձավ տատմոր օգնությամբ երեխա ունենալը»,-համեմատություն ներկայացրեց Անտոնյանը:

Նա հիշեցրեց, որ այս անցումը հեշտ չի եղել, պետությունը մտածում էր գայթակղիչ մեթոդներ կիրառել, որ  հիվանդանոցներում երեխա ունենալը  նորմ դառնար:

«Այնպես որ հասարակությունը մշտապես փոփոխությունների մեջ է: Եթե ծնողների վարքը երեխաների նկատմամբ մենք համարում ենք ներընտանեկան խնդիր և չենք ցանկանում ոչ ադմինստրատիվ, այլ աջակցող մեթոդներով միջամտել, ապա 100 տարի հետո էլ ենք խոսելու նույն խնդրի մասին: Այս պահին մեր չմիջամտելը, չաջակցելը, հավատացեք ապակառուցողական նշանակություն ունի»,-ասաց Անտոնյանը:

Placeholder
Միրա Անտոնյան. Երեխաների բռնության շատ դեպքեր լուռ ողբերգություններ են ընտանեկան պատերից ներս