ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցության ներուժի մի մասն է օգտագործված. Հասան Ռոհանի
Քաղաքական
16:19 21/12/2016
Հայաստան

ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցության ներուժի մի մասն է օգտագործված. Հասան Ռոհանի

Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժը շատ մեծ է: Դրա մի մասն արդեն օգտագործված է, մի մասն առաջիկա ամիսների և տարիների ընթացքում պետք է նախագծել և նախատեսել,- ՀՀ նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Հատկապես էներգետիկայի բնագավառում ականատես ենք լավ հարաբերությունների համագործակցության ծավալմանը, պետք է ջանքեր գործադրենք այն ավելի զարգացնելու»,- նշեց նա:

Հ. Ռոհանիի խոսքով՝ պայմանավորվածություն ունեն, որպեսզի Թուրքմենստանի հետ փոխանակման ծրագրի շրջանակներում ունենան գազի փոխանակումներ և կարողանան մատակարարումներ իրականացնել նաև այլ երկրներ: Նա նշեց, որ պետք է ունենալ նաև երրորդ ուղղություն, որպեսզի կարողանան տարանցիկ ուղիներ ապահովել. «Տարանցման տեսանկյունից Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, երկաթգծի միջոցով ունենանք փոխկապակցված Պարսից ծոց-Սև ծով ուղղություն, այս, ինչպես նաև այլ տարածաշրջանի ժողովուրդների  համար ստեղծենք նպաստավոր իրականություն»:

Հասան Ռոհանին ասաց, որ որոշում է կայացվել  երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն առավել հեշտացնելու և երկրների միջև անհրաժեշտ արտոնյալ պայմաններ ստեղծվելու ուղղությամբ. «Համապատասխան հնարավորություններ են առկա  հատկապես «Արաս» ազատ տնտեսական գոտու և նման գոտիների միջև համագործակցության առումով, որպեսզի կարողանանք համապատասխան ապրանքներ փոխանակել և արտահանումներ իրականացնել»:

Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում  Հայաստանի հետ, որը ԵԱՏՄ անդամ է, առանձնահատուկ պայմաններ են առաջացած համագործակցության համար և քայլեր են ձեռնարկվում դեպի ազատ առևտրի պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ:

Իրանի նախագահի խոսքով՝ կարևորում են միջբանկային համագործակցությունը և այդ ուղղությամբ տրվելիք արտոնությունները: Հ.Ռոհանին նշեց, որ կրթական, գիտական բնագավառում ծավալվում է լավ համագործակցություն,  և, նրա խոսքով, առօրյա տեխնոլոգիական հնարավորություններից օգտվելով,  համալսարանական համագործակցության շնորհիվ կարողանան շարունակել տվյալ բնագավառների  ծավալուն համագործակցությունը:

Հ. Ռոհանիի խոսքով՝ բանակցությունների ընթացքում անդրադարձել են բնապահպանական խնդիրներին. «Քանի որ Արաքս գետն ընդհանուր արժեք է հանդիսանում երկու ժողովուրդների համար, երբեմն ախտոտվածություն է նկատվում:  Հուսով ենք՝ պարոն նախագահի համապատասխան ցուցումով հնարավորինս արագ կարգավորման կենթարկվի»:

Իրանի նախագահը հույս ունի, որ միջազգային կառույցներում Հայաստանի և Իրանի ունեցած ավանդական  փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի:

«Հուսով եմ, որ այս այցի ընթացքում երկու երկրների միջև ձեռք բերված առևտրատնտեսական, գիտական, մշակութային, տարածաշրջանային պայմանավորվածությունները նոր հող կնախապատրաստեն հետագա համագործակցության համար»,- ասաց Հ.Ռոհանին:

Placeholder
ՀՀ-ի և Իրանի միջև համագործակցության ներուժի մի մասն է օգտագործված. Հասան Ռոհանի