ԱԺ-ն քննարկում է Ֆրանսիական գործակալությունից 40 մլն եվրո վարկ ստանալու համաձայնագիրը
Տնտեսություն
13:50 22/12/2016

ԱԺ-ն քննարկում է Ֆրանսիական գործակալությունից 40 մլն եվրո վարկ ստանալու համաձայնագիրը

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի կառավարության  ու Զարգացման ֆրանսիական գործակալության միջև նոյեմբերին ստորագրված վարկային համաձայնագրի վավերացման հարցը, որով նախատեսվում  է 40 մլն եվրոյի չափով  բյուջետային աջակցության վարկ տրամադրել Հայաստանին:

Հիմնական զեկուցող ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն ասաց, որ բյուջետային վարկի հիմնական նպատակը կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցելն է երկու ուղղություններում՝ հարկաբյուջետային, սոցիալական ու շրջակա միջավայրի կայունության խթանման և  մրցունակության ամրապնդման:

«Վարկի պայմաններն արտոնյալ են, 20 տարի մարման ժամկետ, 6.5 տարի արտոնյալ ժամկետայնությամբ»,-ասաց փոխնախարարը:

ԲՀԿ-ական պատագամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչպես է ապահովելու վարկի ծախսման հաշվետվողականությունը, եթե վարկերի ծավալն ավելացնում ենք, ինչպես է փոխվում պարտք ՀՆԱ հարաբերակցությունը:



Արմեն Հայրապետյանն ասաց, որ այն բյուջետային վարկ է, ծախսը ներկայացվելու է բյուջեի հաշվետվության մեջ:

«Այդտեղ կներկայացվի ծախսային քաղաքականությունը»,-ասաց փոխնախարարը:
Պատասխանը չգոհացրեց պատգամավորին, նա այդպես էլ չհասկացավ, կարող են այդ վարկի միջոցներից աշխատավարձ տալ, եթե բյուջեում փող չլինի:

Փոխնախարարն ասաց, վարկը վերցնում են բյուջեի՝ 20 միավոր ֆինանսավորման խնդիրը լուծելու համար:

«Թե որ մասը որ ծախսին կգնա, հնարավոր չէ ֆիքսել, այն կոչվում է բյուջեին աջակցող վարկ»,-ասաց նա:

Նրա խոսքով, բյուջեն կազմելիս երբ ասել են, թե պարտք ՀՆԱ հարաբերակցությունը անցնելու է 50 տոկոսի շեմը, այս վարկն էլ են նկատի ունեցել:

«Տարվա վերջին ՀՀ պարտաքը լինելու է 5.9 մլրդ, որից 500-ը ԿԲ-ին է,  1 մլրդը կառավարության ներքին պարտքն է, 5.4 մլրդ-ը արտաքին պարտքն է»,-ասաց կառավարության ներկայացուցիչը, ասաց, որ համադրումներ է արել, տեսել, որ Հայաստանը նվազ պարտքային բեռ ունեցող երկրների ցանկում է:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին էլ մտահոգում է պարտքի ավելացումը, կարծիք հայտնեց, որ ներդրումային միջավայրն էլ բարենպաստ չէ:

«Լավ, մենք եթե հատենք ռիսկային սահմանը ու մեզ էլ վարկ չտան, ի՞նչ ենք անելու: Չե՞ք կարծում, որ տնտեսական քաղաքականությունը ռադիկալ պետք է փոխվի»,-ասաց նա:

Փոխնախարարն ասաց՝ համամիտ է, որ երկիրը ներդրումների կարիք ունի, իրենք էլ մտահոգված են պարտքի ավելացմամբ:

«Երկրում մակրոտնտեսական կայունություն պետք է ապահովենք ներդրումային միջավայր ձևավորելու համար: Մենք արտաքին երկու շոկ ենք ունեցել, մեկը կապված Ռուսաստանի պատժամիջոցների, մյուսը՝ պղձի գների իջեցման հետ»,-ասաց փոխնախախարը:

Նա բացատրեց, որ վարկերը քիչ-քիչ ներարկել են տնտեսության մեջ այդ շոկերի հետևանքները չեզոքացնելու համար: Նրա խոսքով, Հայաստանին վարկ տվող և Հայաստանի մասին զեկույց ներկայոցնեղ միջազգային կառույցները  նման քաղաքականությունը սխալ չեն համարել, հակառակ դեպքում վարկեր չէին տրամադրի:

 

Placeholder
ԱԺ-ն քննարկում է Ֆրանսիական գործակալությունից 40 մլն եվրո վարկ ստանալու համաձայնագիրը