Արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է Արման Մկրտումյանի անվան հետ կապված ՄԻԵԴ վճիռը
Իրավունք
15:09 22/12/2016

Արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է Արման Մկրտումյանի անվան հետ կապված ՄԻԵԴ վճիռը

Արդարադատության նախարարության իրավասու վարչությունը ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որում նշվում էր նաև Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով Panorama.am-ի թղթակցի հարցին:

«Իրավասու վարչությունն ուսումնասիրում է այդ գործում առկա բոլոր հանգամանքները և եթե որոշակի քայլեր լինեն դրա մասին կիմանաք», - ասաց նախարարը:

Նա հստակեցրեց, որ Արդարադատության նախարարը իրավունք չունի Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով դիմել Արդարադատության խորհրդին, ինչպես մյուս դատավորների դեպքում է:

«Չգիտեմ՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, դուք որոշեք, արդարադատության նախարարը իրավունք չունի Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով դիմել Արդարադատության խորհրդին», -ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման իրավասություն ունի Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու, այդուհանդերձ չեն պատժվում դատավորները, որոնց կայացրած վճիռները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սխալ են դուրս գալիս, և Հայաստանը ստիպված է լինում հսկայական գումարներ փոխհատուցել: Ի պատասխան տիկին Հովհաննիսյանը նկատեց, որ հայաստանյան օրենսդրությամբ կան մեխանիզմներ դատավորին պահանջել գումարը, եթե դատավճռով ապացուցվել է դատավորի մեղքը:

«Եթե դատավորի սխալը ապացուցված է դատավճռով, ապա որևէ խնդիր չկա, հիմա էլ կա այդ մեխանիզմը՝ եթե դատավճռով ապացուցված է դատավորի մեղքը, ապա Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ քաղաքացու վնասը կհատուցի, հետո հետադարձ պահանջով դատավորից կպահանջի գումարը: Քաղաքացիական օրենսգրքով այդ մեխանիզմը կա, բայց արդյո՞ք յուրաքանչյուր կոնկրետ դեպքով պետք է դատավորից ուզել փոխհատուցում: Աշխարհի տարբեր երկրներ այդ հարցին պատասխանում են միանշանակ՝ ոչ: Ինչո՞ւ: Որովհետև սա դատավորի անկախության համար մեծ նշանակություն ունի: Սա դառնում է գործադիր իշխանության լծակն ու մահակը դատավորի վրա», -հավելեց նախարարը:

Իսկ ինչպե՞ս է պատկերացնում Հովհաննիսյանը ոլորտի բարեփոխումը: Նախարարն ասաց, որ Սահմանադրությունը նոր հնարավորություններ է ընձեռել, և նոր Դատական օրենսգիրք է մշակվում ու դատավորի ընտրության խիստ պահանջենր են դրվելու:

«Դատական օրենսգրքում պետք է լինեն դատավորի նշանակման ու գործունեության համար այնպիսի երաշխիքներ, որ դատավորը մտավախություն, մտահոգություն չունենա վերադասության կարգով ցանկացած դեպքում իր օրինական ակտը բեկանելու համար, դատավորի գնահատումը պետք է լինի օբյեկտիվ: Քայլերի հաջորդականությունը պատկերացնում ենք, մենթատլիտետի խնդիր ունենք, ընկալման խնդիր ունենք: Փոքր քայլերի արվեստով պետք է գնանք՝ երբեմն նաև հեղափոխական լուծումներ տալով»,- նշեց նախարարը:

Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր այս գործի մասին և տեղեկացրել, որ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը վճռել էր, որ կողմերի անաչառ, արդար դատաքննության իրավունքն է խախտվել, ինչի հետևանքով մարդը զրկվել է սեփականության իրավունքից:

Բացի այդ, դատարանը փաստել էր նաև Կոնվենցիայի 1-ին (Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը), 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 41-րդ (արդարացի բավարարումը) հոդվածները:  Այս գործով Եվրոպական դատարանի վճռում հիշատակվում է նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը և գնահատական տրվում նրա գործողություններին:

«...Այսպիսով Դատարանը եզրակացնում է, որ դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը», -մասնավորապես նշված է Եվրոպական դատարանի վճռում:

 

Placeholder
Արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է Արման Մկրտումյանի անվան հետ կապված ՄԻԵԴ վճիռը