Թուրքական մամուլի անդրադարձը. «Ադրբեջան-Իսրայել մերձեցմանը Իրանից «հրթիռային» պատասխան»
Քաղաքական
13:26 22/12/2016
Հայաստան

Թուրքական մամուլի անդրադարձը. «Ադրբեջան-Իսրայել մերձեցմանը Իրանից «հրթիռային» պատասխան»

ԻԻՀ նախագահ Հ. Ռուհանիի` Հայաստան կատարած այցին անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները, որոնց հրապարակումները առավելապես տեղեկատվական բնույթ են կրում:

Հիշեցնենք, որ  վերջին շրջանում թուրքական ԶԼՄ-ներում բավական մեծ թիվ են կազմում հակաիրանական շեշտադրումները, հակաիրանական ուղղվածության հրապարակումները, իսկ Հ. Ռոհանիի այցը տեղի ունեցավ թուրք-իրանական լարված հարաբերությունների ֆոնին:

«Yeni Akit» պարբերականը Իրանի նախագահի այցը որակել է որպես անակնկալ և նշել, որ Հ. Ռոհանիին ընդունել է Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը: ՀՀ նախագահ Սարգսյանը Հ. Ռոհանիին բնորոշել է որպես «հայ ժողովրդի համար սպասված հյուր, իսկ Ռոհանին էլ նշել է երկու ժողովուրդների մեկ մշակույթի կրողները լինելու և երկու ժողովուրդների խաղաղ ու բարեկամական գոյակցության  հանգամանքը:

Ռոհանին հայտարարել է, որ Հայաստանը բարեկամ երկիր և հարաբերություններն էլ ավելի խորացնելու ցանկություն հայտնել:

«Milli Gazete» թերթը «Ադրբեջան-Իսրայել մերձեցմանը Իրանից «հրթիռային» պատասխան» վերտառությամբ հրապարակման մեջ նշել է, որ Իրանը մերժել է Ադրբեջանին հեռահար հրթիռներ վաճառելու ադրբեջանական ղեկավարության պահանջը, ինչը պայմանավորված է Ադրբեջանի և սիոնիստական Իսրայելի մերձեցման հանգամանքով:

Թերթը Իրանի նախագահի Հայաստան կատարած այցը որակել է որպես «խորհրդանշական»` նշելով, որ «Իրանի նախագահի կողմից Ադրբեջանի հետ մշտական պատերազմի մեջ գտնվող Հայաստան այցը Իսրայելի վարչապետի Բաքու կատարած այցից հետո խորհրդանշական ուղերձի իմաստ է կրում»:

«Habersitesi.com» կայքը Հ. Ռոհանիի հայաստանյան այցին առնչվող հրապարակման մեջ ընդգծել է, որ Իրանը խթանում է Հայաստանի հետ հարաբերությունները` նշելով, որ երկկողմ մի շարք փաստաթղթեր են ստորագրվելու:

«Haberler.com» կայքն էլ գրել է, որ Իրանի նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակում սպորտի, արտակարգ իրավիճակների, տուրիզմի և մաքսային ոլորտներում համագործակցության երկկողմ մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև համատեղ հռչակագիր է ստորագրվել:
 

Placeholder
Թուրքական մամուլի անդրադարձը. «Ադրբեջան-Իսրայել մերձեցմանը Իրանից «հրթիռային» պատասխան»