Դավիթ Շահնազարյան. Իրանը իր բոլոր պայմանավորվածություններն անշեղորեն կատարում է
Քաղաքական
16:24 23/12/2016
Հայաստան

Դավիթ Շահնազարյան. Իրանը իր բոլոր պայմանավորվածություններն անշեղորեն կատարում է

Իրանը միշտ եղել է և մնում է այն սակավաթիվ երկրներից մեկը, ով վարում է անկախ արտաքին քաղաքականություն՝ ելնելով բացառապես իր շահերից: «Ռոհանիի հայաստանյան այցի հետքերով» քննարկմանն ասաց քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը:

«Հայաստանն ու Իրանն ունեն շատ մեծ ընդհանուր շահեր բոլոր ոլորտներում: Ուզում եմ ընդգծել նաև մի բան, անվտանգության ոլորտում մենք ունենք ընդհանուր շահեր: Հենց այս ոլորտում է, որ երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու մեծ ռեսուրս կա»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, ԼՂ խնդրի հետ կապված Իրանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել:

«Ես դեռ իշխանության մեջ էի, որ Իրանը սկսեց միջնորդական առաքելություն ստանձնեց, ինքս մասնակցել եմ դրան: Հայաստանի կողմից նրա ջանքները գնահատվել են դրական: Այս պահին, երբ առկա է ռուսական այսպես կոչված խաղաղապահների ներխուժման վտանգը ԼՂ հակամարտության գոտի, Իրանի դիրքորոշումը միշտ եղել և մնում է, որ խաղաղապահների առկայությունը չի նպաստելու հակամարտության կարգավորմանը: Այս առումով էլ Հայաստանի ու Իրանի դիրքորոշումներն համընկնում են»,-ասաց Շահնազարյանը:

Նա, վկայակոչելով իրանցի պաշտոնյանների հետ իր շփումների փորձը, նշեց, որ Իրանի հետ դժվար է պայմանավորվածության գալ, իսկ եթե արդեն պայմանավորվել են, Իրանն անշեղերոն կատարում է դրանք:

«Սա միայն իմ կարծիքը չէ, սա տարածված կարծիք է, Իրանը իր բոլոր պայմանավորվածությունները կատարում է»,-ասաց Շահնազարյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն երկրների վրա, որոնք ԼՂ հարցով կրակի վրա յուղ են լցնում, մասնավորապես նշեց Ռուսաստանն ու Իսրայելը:

«Այս առումով չափազանց կարևորում եմ, որ Իրանի նախագահը հայտարարեց ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:  Իմ եզրակացությունը Ռոհանիի այցից հետևյալն է. տարվա ամենակարևոր այցն էր Երևանում: Իրանը պատրաստ է  շատ ու շատ խնդիրներ լուծել և ընլայնել բոլոր ուղղություններով համագործակցությունը: Պատրա՞ստ է այսօր Հայաստանը դրան, չեմ կարծում»,-ասաց քաղաքագետը:

Placeholder
Դավիթ Շահնազարյան. Իրանը իր բոլոր պայմանավորվածություններն անշեղորեն կատարում է