Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերլուծում է բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են պետության աջակցությամբ: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ իրենց նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք առկա են իր ղեկավարած ոլորտում:
Նախարարի խոսքերով` նախարարությունը հաջորդ տարվա համար կատարելագործելու է սուբսիդավորման գործիքները ի շահ գյուղացու: Մասնավորապես, բանակցություններ են տարվում կազմակերպությունների հետ` պարարտանյութի ներմուծման հետ կապված: «Մենք մրցույթ կհայտարարենք և ամեն ինչ կանենք, որ գյուղացին չմնա առանց պարարտանյութի»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով երինջների ծրագրին` Իգնատի Առաքելյանը նշեց, որ չափորոշիչներ են մշակվելու Հայաստանում գործող լավագույն տոհմաբուծարանների համար: «Մենք համագործակցության մեջ ենք մտնելու մասնավորի հետ` պետությունն էլ կամ կվարկավորի, կամ կսուբսիդավորի»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ գյուղատնտեսության նախարարության աշխատանքի ուղղվածությունը լինելու է պետություն-մասնավոր համագործակցություն ստեղծել և այնպիսի մեխանիզմներ ներդնել, որը կբերի ոլորտի զարգացմանը:
Նա նաև նշեց, որ շարունակելու են սերմնաբուծության ծրագիրը, քանի որ Հայաստանում պետք է ապահովեն բարձրակարգ սերմերի պաշար:
Իգնատի Առաքելյանը գյուղատնտեսության ոլորտի լրջագույն խնդիրներից է համարում նաև գյուղտեխնիկայի մաշվածությունը: Նրա խոսքերով՝ այսօր գյուղտեխնիկան գտնվում է ոչ բարվոք վիճակում, ուստի փորձելու են մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում թարմացնել գյուղտեխնիկան:
Նշենք, որ գյուղատնտեսության նախարարի ասուլիսը տեղի ունեցավ Արագածոտնի մարզում գտնվող «Արմենիա Վայն» գինու գործարանում: Իգնատի Առաքելյանն ասաց, որ ինքը գործարանը գովազդելու որևէ նպատակ չունի:
«Շատ քննարկվեց, թե ինչու հենց այս գործարանում հրավիրվեց մամուլի ասուլիսը: Ես այս գործարանը գովազդելու որևէ նպատակ չունեմ: Ես մթերողների հետ հանդիպումներ եմ ունեցել՝ ընդգծելով, որ մթերման հետ կապված գյուղացին պետք է որևէ խնդիր չունենա: «Արմենիա Վայնը» պատրաստ է կնքել Վայոց ձորի մարզից 700 տոննա խաղող գնելու պայմանագիր», - ասաց գյուղնախարարը:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ մթերողներին հորդորել է նախօրոք կանխատեսումներ անել իրենց բիզնեսի հետ կապված՝ ինչ են ուզում, ինչ գնով են պատարստ գնել խաղողը, որն էլ թույլ կտա գյուղացուն որոշել, թե ինչ մշակի:
Ըստ նախարարի՝ գյուղնախարարության գերակա խնդիրն է լինելու մթերողների հետ աշխատել, գտնել այն ուղիները, որ մթերողը պատրաստ լինի պայմանագիր կնքել գյուղացու հետ: