Թուրքիայում քանդվել է հուշարձանը, որի վրա գրված է եղել Մոնթե Մելքոնյանի անունը
Քաղաքական
13:12 26/12/2016

Թուրքիայում քանդվել է հուշարձանը, որի վրա գրված է եղել Մոնթե Մելքոնյանի անունը

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանն ապամոնտաժել է Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ Արմենակ Բաքըրջյանի, Հրանտ Դինքի հիշատակին կանգնեցված հուշարձանը: Այս մասին տեղեկացնում է  «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով «Demokrathaber» լրատվական կայքին:

2016 թվականի ապրիլի 26-ին կանգնեցված հուշարձանը թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նոյեմբերին, երբ «Sozcu» թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքը քննադատական հոդված էր հրապարակել: Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացրել էին այն հանգամանքի վրա, որ հուշարձանի վրա գրված է եղել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը: Աղմուկից հետո Թունջելիի նահանգապետարանը հուշարձանը քանդելու որոշում էր կայացրել:

Ըստ աղբյուրի,  հուշարձանի վրա բացի Մոնթե Մելքոնյանի անունից գրված է եղել նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները:

«Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»,-գրված է եղել հուշարձանի վրա:

Placeholder
Թուրքիայում քանդվել է հուշարձանը, որի վրա գրված է եղել Մոնթե Մելքոնյանի անունը