Նարեկ Հախնազարյանը նվագում է Ջուզեպե Գվարներիի 1707թվականի  գործիքով
Մշակույթ
14:35 27/12/2016

Նարեկ Հախնազարյանը նվագում է Ջուզեպե Գվարներիի 1707թվականի գործիքով

Աշխարհահռչակ թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանն արդեն մեկուկես ամիս է նվագում Ջուզեպե Գվարներիի 1707թվականի պատմական գործիքով: Թավջութակը Նարեկին  է հանձնել Կանադյում բնակվող մի չինացի, ով երաժշտի երկրպագուներից է: Պայմանագիրը նախնական  կնքվել է երեք տարով: 

«Մեծ իրադարձություն է իմ պրոֆեսիոնալ կյանքում: Երազանք է յուրաքանչյուր երաժշտի համար նման գործիք ունենալը: Լեգնդար, ֆանտաստիկ գործիք է: Մեծ պատիվ է ինձ համար այդ գործիքով հանդես գալը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նարեկ Հախնազարյանը:

Նա նշեց, որ վերջին տարիներին անընդհատ հովանավորներ, հիմնադրամներ էր փնտրում, ովքեր  իրեն կտրամադրեին լավ գործիք:
«Երեք տարի նվագեցի ժամանակակից, միջին մակարդակի գործիքի վրա: Ծանր է, երբ ուզում ես իրագործես երաժշտական միտքդ, բայց գործիքը չի թույլ տալիս: Գվարներիի գործիքով հնարավորությունները, հորիզոններն անվերջ են»,- ասաց թավջութակահարը:

Խոսելով առաջիկա համերգների մասին, Ն. Հախնազարյանն ասաց, որ հունվարին ելույթ է ունենալու Ամստերդամի, այնուհետև Բեռլինի հանրահայտ  համերգասրահներում:  Նա նշեց, որ Երևանում տարվա ընթացքում նույնպես կունենա համերգ:
Նարեկն ասաց, որ երբ մի երկրից մյուսն է գնում համերգների, ինքնաթիռի երկու տոմս է գնում՝ իր և թավջութակի համար. «Իմ գործիքն  իմ ընկերն է, ընկերուհին է, մտերիմ մարդ է»:

Placeholder
Նարեկ Հախնազարյանը նվագում է Ջուզեպե Գվարներիի 1707թվականի գործիքով