Մխիթարյան. «Իբրահիմովիչը խաղադաշտում անհավանական բաներ է անում»
Սպորտ
09:22 28/12/2016
Աշխարհ

Մխիթարյան. «Իբրահիմովիչը խաղադաշտում անհավանական բաներ է անում»

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաճոյախոսություն է արել թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հասցեին։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն արտակարգ գեղեցիկ գոլ է խփել «Սանդերլենդի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում։ Գոլային փոխանցման հեղինակը հենց Իբրահիմովիչն է։

Հարկ է նշել, որ վերջին 3 խաղում Իբրահիմովիչը մասնակցել է թիմի խփած բոլոր գոլերին։

Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ 35-ամյա Իբրան ֆանտաստիկ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում։

«Նրա խաղը չի համապատասխանում տարիքին։ Նա անհավանական բաներ է կատարում խաղադաշտում, ես շատ ուրախ եմ Իբրայի համար, քանզի միայն գովեստի է արժանի։ Նա մեծագույն խաղացող է, և բոլորը գիտեն, թե ով է Իբրահիմովիչը։ Ես նույնիսկ չպետք է ասեմ, որ Իբրան ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որովհետև բոլորն էլ վաղուց դա գիտեն։ Հույս ունեմ, որ նա հնարավորը կանի հաջորդ խաղում հաղթանակի համար»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։

Ավելացնենք, որ Զլատան Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի 17 խաղի, խփել 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
 

Placeholder
Մխիթարյան. «Իբրահիմովիչը խաղադաշտում անհավանական բաներ է անում»