Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային. Սուրեն Կարայան
Տնտեսություն
14:12 28/12/2016
Հայաստան

Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային. Սուրեն Կարայան

Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Մենք տարվա արդյունքներով կարձանագրենք շուրջ 21 տոկոս արտահանման ծավալների աճ՝ նախորդ տարվա համեմատ, իսկ վերջին չորրորդ եռամսյակում այդ աճը մեր կանխատեսումներով կկազմի առնվազն 25 տոկոս»,-ասաց նախարարը:

Սակայն, ըստ Կարայանի, այդ ցուցանիշներն իրենց չեն գոհացնում, քանի որ ՀՆԱ-ում արտահանման ծավալները կազմում են մոտ 30 տոկոս: «Կայուն տնտեսական աճ ապահովելու համար գտնում ենք, որ միջնաժամկետ հատվածում ամբողջ ներուժը պետք է  ներդնենք,  որ արտահանման ծավալները ՀՆԱ-ում կազմեն առնվազն 40-50 տոկոս»,-  ընդգծեց նախարարը:

Սուրեն Կարյանի խոսքերով՝ առաջին հերթին շարունակում է խնդրահարույց լինել արտահանման կենտրոնացման մեծ աստիճանը՝ ինչպես շուկաների, այնպես էլ ապրանքների, դրա համար փորձելու են դիվերսիֆիկացնել արտահանումը՝ ըստ երկրների և ապանքատեսակների: Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ կա չօգտագործված ներուժ, ուստի առաջին քայլերից մեկը, ըստ նախարարի,  լինելու է այն, որ մեծացնեն արտահանման ծավալները ոչ միայն ԵԱՏՄ, այլև ԵՄ երկրներ: 

Նախարարը նաև նշեց, որ կարճ ժամանակահատվածում փորձել են հայկական ապրանքների համար ընդլայնել արտոնյալ առևտրային ռեժիմներ ունեցող շուկաների մուտքը: Մասնավորպես,  ԵԱՏՄ երկրների պատասխանատու գերատեսչությունների հետ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խնդիրների օպերատիվ լուծում տալու համար:

Սուրեն Կարայանը հայտնեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին ներկայացրել է առանձնահատուկ ապրանքատեսակների ստանդարտներ, որոնց ընդունումով այդ ապրանքներն առանց  խոչընդոտի կարտահանվեն ԵԱՏՄ շուկաներ: Այդ ապրանքներից են հանքային ջրերը, կոնյակը, բաստուրման, սուջուխը, «Նարինե» կաթնաթթու մթերքը, մածունը։ «Դա թույլ է տալիս նշված մթերքների չափանիշները համաձայնեցնել ԵՏՄ սանիտարական պահանջների հետ»,- ասաց նա:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը  նաև նշեց, որ Հայաստանում գործող  լոգիստիկ ընկերությունների հետ, որոնք ԵԱՏՄ-ում ունեն առանձնացված կառույցներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում համախմբել  փոքր քանակությամբ արտադրվող ապրանքատեսակները և այդ ընկերությունների  միջոցով արտահանել ԵԱՏՄ երկրներ: 

 

Placeholder
Հայաստանից այս տարվա արտահանման աճը եղել է ռեկորդային. Սուրեն Կարայան