Հայ-իրանական սահմանագծին ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը կտրվի 2017թ-ի ապրիլին. Սուրեն Կարայան
Տնտեսություն
14:59 28/12/2016
Հայաստան

Հայ-իրանական սահմանագծին ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը կտրվի 2017թ-ի ապրիլին. Սուրեն Կարայան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանային երկրներ հայկական ապրանքների մուտքի ապահովման և արտահանման ծավալների զգալի ավելացման ուղղությամբ:

Մասնավորապես, ըստ նախարարի, Հայաստանը  բանակցություններ է վարում Իրանի Ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի հետ՝  Հայաստանում կատարված սերտիֆիկացման արդյունքները Իրանում ճանաչելի դարձնելու հարցով, ինչպես նաև Հայաստանում պարենային և ոչ պարենային արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր բացելու ուղղությամբ:

«Սա հնարավորություններ կստեղծի, որպեսզի հայկական արտադրատեսակները Հայաստանում համապատասխանության չափանիշներ ստանալուց հետո առանց որևէ այլ խոչընդոտի մտնեն նաև իրանական շուկա»,- նշեց Սուրեն Կարայանը:

Նախարարի խոսքերով՝ ակնկալում են, որ 2017թ-ի առաջին եռամսյակում Իրանի համապատասխան մարմինների կողմից այց կլինի Հայաստան, և կստորագրվեն համապատասխան համաձայնագրերը: 

Սուրեն Կարայանը նաև հայտնեց, որ աշխատանքներ են տարվում Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ: Արդեն մշակվել է ազատ տնտեսական գոտու հայեցակարգը և ներկայացվել ՀՀ կառավարության քննարկմանը: «Նախատեսվում է, որ մինչև ապրիլ մենք արդեն կտանք այդ ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը, որը ևս լայն հնարավորություններ կստեղծի նոր ներդրումային ծրագրերի ներգրավման համար, ինչպես նաև  կակտիվացնի Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը»,-ասաց Սուրեն Կարայանը:

Նախարարը նշեց նաև, որ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված չափազանց մեծ երաշխիքային վճարները փոխարինվել են ապահովագրման վճարներով, ինչի արդյունքում վճարների չափը կրճատվել է մոտ երեք անգամ: Այս քայլը ևս, ըստ նրա, մեծ  հնարավորություններ կստեղծի, որպեսզի Հայաստան-Իրան տեղաշարժն ավելի մեծանա, գործարարներն ավելի լավ ծանոթանան երկու երկրների շուկային և մեծացնեն համագործակցության հնարավորությունները:

 

 

Placeholder
Հայ-իրանական սահմանագծին ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը կտրվի 2017թ-ի ապրիլին. Սուրեն Կարայան