Արցախում մայիսին ծանր վիրավորված Հովհաննես  Պողոսյանն Ամանորը դիմավորել է տանը
Հասարակություն
14:55 04/01/2017
Հայաստան

Արցախում մայիսին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանն Ամանորը դիմավորել է տանը

2016 թվականի մայիսի 13-ին Արցախում ծանր վիրավորում ստացած Հովհաննես Պողոսյանն  Ամանորը տանն է դիմավորել՝  հարազատներով ու ընկերներով շրջապատված:

Հովհաննեսին լավ կիմանաք՝  նա ապրիլյան պատերազմում վիրավորվելուց հետո հենց մի քիչ ապաքինվեց, կրկին վերադարձավ դիրքեր:

«Տղայիս տրամադրությունը շատ լավ է, Նոր տարին էլ ուրախ դիմավորեց»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Պողոսյանի մայրը՝ Գայանե Ասատրյանը:

«Հովհաննեսիս բարեմաղթանքը մեկն է՝ խաղաղություն լինի, զինվորները «դուխով» լինեն, չհուսահատվեն, անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց ընտանիքներ»,-  փոխանցելով որդու խոսքերը՝ նշեց տիկին Գայանեն: 

Նրա խոսքերով՝  որդին վերականգնողական բուժում է անցել «Կարմիր խաչ» կենտրոնում, դեկտեմբերի 23-ին եկել է տուն, իսկ տոներից հետո նորից կշարունակի բուժումը:

Ընդհանուր առմամբ, ըստ Գայանե Ասատրյանի, որդու առողջական վիճակում դրական փոփոխություններ կան,  ոտքը շարժում է, բայց աջ ձեռքը դեռ չի կարողանում շարժել: «Կարմիր խաչի կինեզիստներից շատ գոհ եմ, ամեն ինչ անում են, որ դրական արդյունքի հասնեն: Տոներից հետո Հովհաննեսը վերականգնողական բուժումը կշարունակի կինեզիստ Դավիթ Արսենյանի մոտ»,- նշեց Գայանե Ասատրյանը՝ հավելելով, որ որդու բուժումը  երկար ժամանակ է պահանջում:

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Չենք հուսահատվում, Հովհաննեսը լավատես է, տանն էլ զբաղվում է, որ շուտ ոտքի կանգնի: Այդ ծանր վիճակից որ դուրս եկավ, որ հիմա մեր կողքին է, ինձ համար դրանից կարևոր բան չկա»,- ասաց տիկին Գայանեն:

Հովհաննեսի մոր ցանկությունը մեկն է, որ չարաբաստիկ 2016 թիվն այլևս չկրկնվի. «Թող  սահմանին ոչ մի  զինվոր չզոհվի, թող ոչ մի մայր լաց չլինի»: 

Հիշեցենենք, որ 1995թ. ծնված Հովհաննես Պողոսյանը իր երկրորդ վիրավորումը մայիսի 13-ին  է ստացել՝ գանգուղեղի հրազենային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան:

Նշենք, որ բժիշկները Հովհաննեսին ապրելու զրո տոկոս հավանականություն էին տվել, նա երկար ժամանակ կոմայի մեջ էր, միայն 36 օր հետո վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց հիվանդասենյակ:

Placeholder