Նախընտրական տարին լուրջ խոչընդոտ է լինելու 3.2% տնտեսական աճն ապահովելու համար. Վիլեն Խաչատրյան
Տնտեսություն
18:51 04/01/2017
Հայաստան

Նախընտրական տարին լուրջ խոչընդոտ է լինելու 3.2% տնտեսական աճն ապահովելու համար. Վիլեն Խաչատրյան

Նախընտրական տարին լուրջ խոչընդոտ է լինելու 2017-ի բյուջեի ուղերձում դրված 3.2% տնտեսական աճն ապահովելու համար: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքերով, 2016 թվականի մակրոտնտեսական ցուցանիշները շեղվել են  բյուջեում նշված ցուցանիշներից, իսկ դա նշանակում է, որ 2017թ-ի տնտեսական աճի, բյուջեի պակասուրդի և մի շարք ցուցանիշների կատարումը որոշակի առումով վտանգվում է: 

Վիլեն Խաչատրյանը նշեց, որ այս տարի որոշակի ռիսկային իրավիճակ կստեղծվի  ապրիլին, քանի որ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: «Դա ևս տնտեսության մեջ կառաջացնի որոշակի բացասական հետևանքներ: Այսինքն՝ մարդկանց ջանքերն ուղղվելու են ոչ թե տնտեսական գործընթացներին, այլ՝ընտրության արդյունքներ ապահովելուն»,- ասաց Վիլեն Խաչատրյանը՝ հավելելով, որ դա իր հերթին կբերի որոշակի  անորոշություններ և չի բացառվում, որ նախընտրական շրջանում խոշոր բիզնեսմեններն  իրենց կապիտալը դուրս բերեն Հայաստանից:

Ինչ վերաբերում է հետագա պրոցեսներին, Վիլեն խաչատրյանի խոսքերով, ընտրություններից հետո պետք է նոր կառավարություն ձևավորվի, կառավարության նոր ծրագիր հաստատվի, կադրային փոփոխություններ տեղի կունենան, երկրի պետական կառավարման ձև է փոփոխվելու: Այսինքն, ըստ նրա, մինչև ամռան սկիզբ ակնկալել տնտեսական աճ՝ լուրջ փոփոխություններով, անհնար է:

Վիլեն Խաչատրյանը նշեց նաև, որ 2017-ի օգոստոսին էլ արձակուրդային շրջան է, և հիմնական գործընթացները, որոնք տնտեսությունում արդյունք են ապահովելու սկսվելու է սեպտեմբերից:

«Հիմնական աշխատանքը լինելու է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ դա նշանակում է, որ տնտեսական արդյունքների հասնելու համար կառավարությունը և պետական կառավարման մարմինները ժամանակի խնդիր են ունենալու»,- ասաց տնտեսագետը:

Այսպիսով, ըստ Վիլեն Խաչատրյանի, 2016 թ-ից եկող տնտեսական ցուցանիշները նպաստավոր հիմքեր չեն ապահովել 2017թ-ի համար: «Նոյեմբերի դրությամբ համախառն ներքին արդյունքի 0.6% աճ ունենք, սա խոսում է այն մասին, որ եթե  2,2% տնտեսական աճը չեն ապահովելու, ապա ինչպես  պետք է ապահովեն 2017-ի 3.2% տնտեսական աճը», - ընդգծեց նա:

Տնտեսագետի գնահատմամբ, պետական պարտքի առումով ևս լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած: Հայաստանի պետական պարտքը մոտեցել է  5 մլրդ 900 մլն դոլարի շեմին, որը, ըստ նրա, վտանգավոր է:

«Դա ռիսկային է այնքանով, որ 2016 թվականին ստիպված ենք եղել ներքին պարտքի մակարդակը բարձրացնել: Մենք երբեք նման բարձր պետական ներքին պարտք չենք ունեցել: Սրանք հարցեր են, որոնք իրենց ազդեցությունն են թողնելու տնտեսության վրա»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:

Placeholder
Նախընտրական տարին լուրջ խոչընդոտ է լինելու 3.2% տնտեսական աճն ապահովելու համար. Վիլեն Խաչատրյան