Դասասենյակներում համապատասխան ջերմաստիճան չլինելու դեպքում նախարարն առաջարկել է կրճատել դասաժամերը
Կրթություն, գիտություն
16:09 09/01/2017
Հայաստան

Դասասենյակներում համապատասխան ջերմաստիճան չլինելու դեպքում նախարարն առաջարկել է կրճատել դասաժամերը

ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում այսօրվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: ԿԳՆ մամուլի ծառայությւոնից հայտնում են, որ հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ:

«Նախարարը ճշգրտել է բնականոն ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելու պայմանները: Միաժամանակ, շրջաբերական է ուղարկվել բոլոր մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով այն ուսհաստատություններում, հատկապես գյուղական համայնքների, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով:

Միաժամանակ նշենք, որ խնդիրը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մշտական ուշադրության կենտրոնում. մարզերից և Երևան քաղաքից ամենօրյա պարբերականությամբ նախարարություն է ներկայացվում համապատասխան տեղեկատվություն: Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր»,-նշված է ԿԳՆ հաղորդագրությունում:
 

 

Placeholder