Թբիլիսիում բացվելու է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքների ցուցահանդեսը
Մշակույթ
11:00 09/01/2017
Տարածաշրջան

Թբիլիսիում բացվելու է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքների ցուցահանդեսը

Հունվարի 10-ին Թբիլիսիի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային  պատկերասրահում բացվելու է վրացահայ նկարիչ, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի  աշխատանքների ցուցահանդեսը: newsgeorgia.ge կայքը հայտնում է, որ ցուցահադեսը նվիրված է նկարչի ծննդյան 125-ամյակին և մահվան 50-րդ տարելիցին:

«Էթնիկ հայ և ծնունդով Թբիլիսից  Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն իր ամբողջ կյանքն անցկացրել է Վրաստանում և ստեղծել ամուր հիմք վրացական նոր և նորագույն գեղանկարչության զարգացման համար: Նրա ստեղծագործական ժառանգությունն իր գեղագիտական արժեքով և հատուկ գեղարվեստական արտահայտչականությամբ մնում է վրացական գեղանկարչության մեջ  ինքնատիպ չափանմուշ»,- նշված է Վրաստանի Ազգային պատկերասրահի հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսում ներկայացվելու է վրացական մի քանի պետական  թանգարաններից, նաև մասնավոր հավաքածուներից հավաքված աշխատանքներ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև փետրվարի 24-ը:

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է 1891 թվականին:  1906-1910 թթ. սովորել է Գեղեցիկ արվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1911-1912 թթ. Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1922-1929 թթ. դասավանդել է Մ.Ի. Թոիձեի գեղարվեստի ստուդիայում, 1929-1938թթ.՝ Թբիլիսիի գեդարվեստի ակադեմիայում։ Նկարիչն ստեղծել է գունածածկույթի հստակ մշակումով աչքի ընկնող փոքրածավալ գեղանկարչական կտավներ: 1930-ական թվականներին Բաժբեուկ-Մելիքյանն ուսումնասիրել է դասական գեղանկարիչների գործերը, հրաժարվել ժամանակակից ձևերից՝ աստիճանաբար երանգապնակը հարստացնելով լույսով, գույնով: Ուշագրավ են նաև նրա հայաստանյան բնանկարները՝ «Տանիքի վրա», «Զանգեզուր» և այլն: Բաժբեուկ-Մելիքյանի ստեղծագործության մեջ առանձնանում են կանանց դիմանկարները: Նկարչի գործերը պահվում են Վրաստանի կերպարվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, անհատական հավաքածուներում: newsgeorgia.ge գրում է, որ նկարիչը դժվարությամբ էր բաժանվում  և չէր սիրում հանձնել իր կտավնրը նույնիկս թանգարաններին: Նկարիչը նաև հայտնի էր նրանով, որ իր արվեստի ուժեղ քննադատն է եղել և ոչնչացրել է իր ավելի քան հազար ստեղծագործություն: Նրա ժառանգությունը կազմում է ընդհանուր շուրջ երկու հարյուր կտավ: Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը մահացել է 1966 թվականին Թբիլիսում:

Placeholder
Թբիլիսիում բացվելու է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքների ցուցահանդեսը