«Շտապօգնության» տնօրեն. Այս տարի Ամանորին ավելի հանգիստ օրեր ենք անցկացրել
Առողջություն
13:24 11/01/2017

«Շտապօգնության» տնօրեն. Այս տարի Ամանորին ավելի հանգիստ օրեր ենք անցկացրել

Տոնական օրերին սննդային թունավորման վերաբերյալ շտապ օգնության ծառայությունը որևէ կանչ չի ստացել: Ընդհանուր կանչերի թիվն էլ նախորդ տարվա նույն օրերի համեմատ նվազել է: Լրագրողների  հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն»  ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Կարող եմ ասել, որ այս տարի Ամանորին ավելի հանգիստ օրեր ենք անցկացրել»,-ասաց նա:

Ամփոփելով նախորդ տարվա ընթացքում սպասարկած կանչերը, նա նշեց, որ 2016 թվականի ընթացքում տրավմայի հետ կապված շտապ օգնության ծառայության կանչերը 1000-ով ավելի շատ են եղել, քան 2015-ին:

«Դեկտեմբերի 31-ից մինչև այսօր ծառայությունը ստացել է տրավմայի հետ կապված 24 կանչ, սակայն դրանք բոլորը չէ, որ սառույցի վրա ընկնելու հետևանքով են: Եղել են նաև վթարների ու այլ պատճառներով տուժածներ»,-ասաց Թ. Ստեփանյանը:

Նրա խոսքով, նախորդ տարի փողոցում ընկնելու հետևանքով կոտրվածքներն ավելի շատ են եղել:
«Այս տարի մենք շատ կանչերի մասով ունենք նվազում, ավելացում ունենք միայն սուր շնչառական հիվանդությունների մասով»,-ասաց Ստեփանյանը:

2016-ին ծառայությունը սպասարկել է 247 հազար 496 կանչ: Հիվանդանոց են տեղափոխվել 49 հազար 432 հիվանդ: Մանկական կանչերի թիվը եղել է 25 հազար 270, հիվանդանոց է տեղափոխվել 9 հազար 109 երեխա:

«Հիմնական կանչերը եղել են սիրտանոթային հիվանդությունների, այնուհետև սուր շնչառական հիվանդությունների ու տրավմաների հետ կապված: 2015-ի համեմատ սպասարկված կանչերի թիվն ավելացել է 9 հազար 286-ով»,-ասաց ընկերության տնօրենը:

2015-ի համեմատ նվազել են սիրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերը, ավելացել են սուր շնչառական հիվանդություններով ու տրավմաներով պայմանավորված կանչերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
«Շտապօգնության» տնօրեն. Այս տարի Ամանորին ավելի հանգիստ օրեր ենք անցկացրել