Իմ միակ խնդիրը այն է, որ հիվանդանոցը նորից սկսի աշխատել. Տարոն Տոնոյան
Առողջություն
16:38 22/10/2016
Հայաստան

Իմ միակ խնդիրը այն է, որ հիվանդանոցը նորից սկսի աշխատել. Տարոն Տոնոյան

Արդեն երկար ժամանակ է, ինչ մամուլն անդրադառնում է «Երևան» բժշկական կենտրոնում  տիրող  իրավիճակի մասին: Խնդիրը հիվանդանոցի սեփականատերերի միջև է, ինչի արդյունքում այսօր հիվանդանոցը փակ է, հոսանքազրկված,  իսկ 175 աշխատակիցները հայտնվել են անորոշության մեջ:

Այսօրվա  դրությամբ վիճակը հետևյալն է՝ բժշկական կենտրոնը չունի գործադիր տնօրեն, ունի պարտքեր հարկային ծառայությանը, որոնց պատճառով բանկային հաշիվների վրա կալանք է դրված:

Նշենք, որ հիվանդանոցի սեփականատերերից մեկը «Երևան» բժշկական կենտրոնի ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Հայկ Բալայանն է (Զորի Բալայանի որդին), մյուսը՝ ԲԿ-ի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Տարոն Տոնոյանը նշեց, որ երկու սեփականատերերի միջև խնդիրները վաղուց են ծագել, սակայն փորձել են որոշակի գործողություններով խնդիրներին լուծում տալ:

2007 թվականից  հիվանդանոցը ղեկավարել է Տարոն Տոնոյանը, սակայն երկու տարի առաջ համաձայնեց այդ պաշտոնը փոխանցել Հայկ Բալայանի առաջարկած թեկնածուին՝  Հակոբ Բալայանին, սակայն խնդիրներն այդպես չլուծվեցին: Իսկ մեկ ամիս առաջ Հակոբ Բալայանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է պաշտոնից և այսօր կլինիկան մնացել է առանց տնօրենի:

Ըստ նրա՝  հարկային ծառայությունը ստուգումներ է կատարել հիվանդանոցում,  արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ և քրեական գործ է հարուցվել:  Տ.Տոնոյանը նշեց, որ եթե տնօրեն ունենան, ապա կկարողանան վճարել բոլոր տույժերը և հիվանդանոցը նորից կսկսի աշխատել:

«Հիմա կլինիկայի բանկային հաշվում գումար կա, որը կարելի է փոխանցել հարկայինին, եթե տնօրեն նշանակվի և կալանքը հանվի»,- ասաց նա:

Նրա խոսքերով՝  համասեփականատեր Հայկ Բալայանը մեղադրում է իրեն, որ սխալ կառավարման արդյունքում են ի հայտ եկել այդ բացթողումները: Տարոն Տոնոյանն էլ  հիշում է, որ երբ ստանձնել է հիվանդանոցի ղեկավարումը, այդ ժամանակ այն  գտնվում էր վատթարագույն վիճակում՝  նորմալ տանիք չկար, նկուղները լցված էին կոյուղաջրերով ու առնետներով: Սակայն հիվանդանոցը սկսել է աստիճանաբար ոտքի կանգնել և յոթ տարում, ըստ Տարոն Տոնոյանի, լուրջ հաջողություններ են արձանագրել:

«Շենքը վերանորոգվեց, նոր սարքավորումներով համալրվեց, աշխատողների թիվը կրկնապատկվեց՝  85-ից  հասնելով 175-ի, բազմաթիվ նոր ծառայություններ ներդրեցինք, ստացիոնար հիվանդների թիվը  2014թ-ին հասել է 3600-ի, մինչդեռ 2007թ-ին  ընդամենը 730  էր: Բացի այդ, մենք մրցունակ էինք, մեզ մոտ բուժծառայությունների  գները համեմատաբար ցածր էին: Եւ եթե սխալ կառավարեի հիվանդանոցը, ապա նման աճ չէինք ունենա»,- ասաց նա:

Տ.Տոնոյանը նշեց, որ ինքն առաջարկել է, որպեսզի գործադիր տնօրենը՝ Հակոբ Բալայանը ժամանակացույց  ներկայացներ, որպեսզի այդ գումարները վճարեին, սակայն գործընկերը չի համաձայնվել:

Տոնոյանն այս իրավիճակից դուրս գալու համար առաջարկել է խնդրի լուծման այլ տարբերակներ, սակայն դրանցից  ոչ մեկը, ըստ նրա, Հայկ Բալայանը  չի ընդունել:
«Առաջին տարբերակն այն է, որ մրցույթ հայտարարենք և հիվանդանոցի նոր տնօրեն ընդունենք, իսկ երկու համասեփականատերերը չպետք է միջամտեն նրա աշխատանքին, միայն ընդունեն նրա ամենամսյա հաշվետվությունը: Բայց սա իմ գործընկերոջ համար անընդունելի տարբերակ է»,- ասաց նա:

Հաջորդ լուծումն էլ, ըստ նրա, այն է, որ հիվանդանոցը բաժանեն երկու մասի:

«Բայց այդ որոշումն էլ գործընկերս չընդունեց, քանի որ ցանկանում է ինքը ղեկավարել հիվանդանոցը: Ես  չեմ նահանջելու և շարունակելու եմ մինչև վերջ պայքարել: Իմ միակ խնդիրն այն է, որ հիվանդանոցը նորից սկսի աշխատել»,- հայտարարեց Տարոն Տոնոյանը:

Placeholder
Իմ միակ խնդիրը այն է, որ հիվանդանոցը նորից սկսի աշխատել. Տարոն Տոնոյան